Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը Դավթաշեն վարչական շրջանը: Մայիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանները:
Առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ տարվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել տարեկան ծրագրերի կյանքի կոչումը՝ ապահովելով ամենօրյա համակարգված աշխատանք:
«Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը: