ՀԱՐՑ. Ի՞նչ ծրագիր է մշակում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը քաղաքի եւ տարբեր շրջկենտրոնների անորակ եւ ուշացումներով սպասարկվող երթուղիները պետական դարձնելու համար: Օրինակ՝ ուղեւորատար մեքենայում ավելացնում են լրացուցիչ աթոռներ՝ պատճառելով տհաճ եւ անհարմար երթեւեկություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՀՀ-ում ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:
Ինչ վերաբերում է կազմակերպությունների կողմից երթուղիների ոչ պատշաճ շահագործմանը, մասնավորապես չվացուցակների եւ մրցույթով սահմանված պահանջների խախտումներին, ապա, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասի» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1371-1374 հոդվածների եւ 1235 հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի, խախտում թույլ տված կազմակերպությունը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Իսկ խախտումը չվերացնելու կամ մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:
լրատվական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը հստակ սահմանում է կազմակերպություններին խախտման դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն համապատասխան մարմիններն այնքան էլ հետեւողական չեն այն իրականացնելու հարցում: Առավելագույնը, որ ձեռնարկվում է, ընդամենը ՃՈ-ի կողմից մի քանի օրով կազմակերպվող ցուցադրական «ռեյդերն» են: