Գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ.  գործունեության մասին քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ  ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա հիշեցրեց, որ նախկինում Գլխավոր դատախազները գալիս էին ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով և ողջունեց այն հանգամանքը, որ նման ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Գլխավոր դատախազը ընդհանրապես սիրելու բան չէ, սա հիմնականում չսիրվող պաշտոն է, որովհետև գործ ունի ինչ որ մեկին մեղադրանք ներկայացնելու, շղթայելու և այլնի հետ: Բայց մյուս կողմից մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը Գլխավոր դատախազի նկատմամբ: Անկախ նրանից` ով ինչ տոնայնությամբ է խոսում նրա մասին, ես նրա մասին լավ կարծիք ունեմ: Համաձայն կարող եք լինել կամ չլինել Գլխավոր դատախազի փաստարկներին, նրա խոսելու ոճին, ամբիոնի մոտ կանգնելու ոճին, դա ճաշակի հարց է, գուցե իմ կանգնելու ձևն էլ ուրիշ մարդկանց դուր չի գալիս, դա բնական է: Բայց ես ինձ վիրավորված եմ զգում, որ մեկին դիտողություն են անում»,- նշեց պատգամավորը:

«Գլխավոր դատախազը նաև նրա համար է, որ հարցերին պատասխանի, բայց և չպատասխանի: Գլխավոր դատախազը պարտավոր չէ իր սիրտը բացել այնպես, որ բոլորի քիմքին հաճելի լինի, նա պարտավոր չէ իր ունեցած տեղեկությունները բոլորը ներկայացնել»,- հավելեց Եսայանը:




Լրահոս