Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ի հայտ եկած թերությունները կարճ ժամանակում վերացնել:
Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի իրենց պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին խստորեն հանձնարարել է չթույլատրել դրանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով:
«Օրվա տարբեր ժամերի վարչական շրջանների թե´ կենտրոնական, երկրորդական փողոցներում և թե´ մայթերի վրա իրականացվում են քանդման աշխատանքներ, որոնց մասին հուշող որևէ նշան կամ տեղեկատվություն չկա: Կենսապահովման ոլորտում կատարվող աշխատանքներն, անշուշտ, շատ կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է սահմանված կանոնների պահպանումը: Խստորեն հետևեք, որ որևէ տարածքում շինարարական կամ վթարավերացման աշխատանք իրականացնելիս, երբ քանդման աշխատանքներն անխուսափելի են, տվյալ տարածքները մինչ աշխատանքների մեկնարկը պարտադիր կահավորված լինեն ճանապարհային ու շինաշխատանքների իրականացման համապատասխան նշաններով, որպեսզի մեր բնակիչներն էլ իրազեկված լինեն, թե ինչ աշխատանք է իրականացվում տարածքում: Իսկ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները և կշարունակեն խախտել գործող կարգը, ձեռնարկեք համապատասխան միջոցներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 13 դեպքի մասով, բացի այդ, 7 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 7 դեպք:
Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել շինարարության նպատակով տրամադրված փաստաթղթերի և իրականացվող աշխատանքների նկատմամբ՝ բացառելով նախագծային շեղումները: