ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցները փոխգործակցության մեծ փորձ ունեն Ինտերպոլի գծով, սակայն անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները, անցնել ուղղակի աշխատանքի, մասնավորապես՝ թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների հակազդման, հետախուզվողների հայտնաբերման և էքստրադիցիայի ոլորտներում:

Ջասիմ ալ Կասիմին Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի ուղերձը՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով, և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ հանցագործությունների համատեղ  նախականխման և կանխարգելման ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես և հայ գործընկերներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքները, հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը բաց է գործընկերության և համատեղ աշխատանքի համար՝ ի շահ երկու երկրներում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության և քաղաքացիների անվտանգության ապահովման:

Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում:




Լրահոս