ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում սովորելը թանկ հաճույք է: Բայց միշտ չէ, որ այստեղ ուսանողներին վճարած գումարին համարժեք որակյալ կրթություն են ապահովում:
ԵՊԼՀ-ում գործում է “Միջազգային լրագրություն” գիտաուսումնական կենտրոն: Այստեղ ուսման վարձը Երեւանի մյուս բուհերի համեմատությամբ բավական թանկ է. բակալավրիատում սովորելը 400 հազար դրամ է, մագիստրատուրայում՝ 450 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում ուսման վարձը 350 հազար դրամ է, իսկ ԳԱԱ լրագրության մագիստրատուրայում՝ 250  հազար դրամ: Թվում է՝ որքան բարձր է ուսման վճարը, այնքան որակյալ կրթություն պետք է տրվի ուսանողներին, այնքան որակյալ մասնագետներ պետք է դասավանդեն: Բայց տվյալ դեպքում ամեն ինչ հակառակն է: Պարզվում է՝ այս կենտրոնը գործում է ապօրինի կերպով: Այն ստեղծվել է դեռ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնավարման ժամանակ: Օրենսդրության համապատասխան՝ նորաստեղծ կենտրոնը պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանա թույլատրություն, ինչը չի արվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նման թույլատրություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին:
Բրյուսովի ուսանողներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում է, որ ինքը ե՛ւ բակալավրիատը, ե՛ւ մագիստրատուրան սովորել է լրագրության բաժնում: Բայց այսօր փոշմանել է, որ մագիստրատուրայի համար ընտրել է հենց լրագրության բաժինը: Նրա խոսքով՝ այստեղ իրենք ստիպված են կրկնել բակալավրիատում անցածը. “450 հազար դրամ ուսման վճար եմ մուծում, որ նախորդ չորս տարվա անցածս նորից կրկնեմ”:
Խոսում են պաշտոնական փաստերը
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կայքում տեղադրված են դասավանդվող առարկաների նկարագրերը: Եւ ահա, մեր փոքր հետաքննության արդյունքում բացահայտեցինք, որ ուսանողները Բրյուսովում ստիպված են մեկ առարկան դեռեւս բակալավրիատում անցնել մի քանի անգամ, ապա այն կրկնել նաեւ մագիստրատուրայում: Օրինակ՝ բակալավրիատում դասավանդվում են ե՛ւ “Գովազդը տպագիր եւ էլեկտրոնային մամուլում”, ե՛ւ “Գովազդ եւ ծրագրավորում” առարկաները, իսկ մագիստրատուրայում ուսանողները ստիպված են անցնել “Գովազդի վաճառքի կազմակերպումը ԶԼՄ-ներում” առարկան: Թեեւ դասախոսները տարբեր մարդիկ են, սակայն երեք դեպքում էլ դասավանդվում է նույնը:
Ե՛ւ բակալավրիատում, ե՛ւ մագիստրատուրայում դասավանդվում է միեւնույն առարկան՝ “Հանրային կապեր/PR” առարկան բակալավրիատում, “Լրագրություն եւ հանրային կապեր” առարկան մագիստրատուրայում: Բացի այդ, մագիստրատուրայում դասավանդվում է երկու միանման առարկա՝”Մեդիա նոր գործիքներ” եւ “Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաները լրագրությունում”: Երկու դեպքում էլ բոլորովին նույն թեմաներն են դասավանդվում՝ թվային դարաշրջանի ինտերնետի որոնողական համակարգերի, սոցիալական ցանցերի ու լրագրության մեջ դրանց ունեցած դերի մասին: Ի դեպ, նույն թեմաները դասավանդվում է նաեւ բակալավրիատում՝ “Նորագույն ՏՏ-ները լրագրությունում” անվան տակ: Գրեթե նույնն է դասավանդվում նաեւ “ԶԼՄ-ների տիպաբանական առանձնահատկությունները” առարկայի անվան տակ՝ ինտերնետի ու լրագրության վրա դրա ազդեցության մասին: Ե՛ւ բակալավրիատում, ե՛ւ մագիստրատուրայում ուսանողներն անցնում են նաեւ “ԶԼՄ  օրենսդրություն եւ ինքնակարգավորում” եւ “Լրագրողի գործունեության իրավական ու էթիկական կարգավորում” առարկաները. երկու դեպքում էլ դասավանդվում է նույնը՝ Սահմանադրություն, “ՀՀ ԶԼ մասին” օրենք, “Տեղեկատվության ազատության մասին” օրենք եւ այլն:
“Միջազգային լրագրություն” գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը բակալավիրատում ուսանողներին դասավանդում է “Արտասահմանյան ԶԼՄ-ների պատմություն” առարկան, իսկ մագիստրատուրայում նրա առարկայի անվանումն է “Միջազգային լրագրություն”: Այստեղ եւս ուսանողները ստիպված են լսել նույն դասախոսությունը երկու անգամ: “Բակալավրում մեր պետական քննության պատճենահանված նյութերը մեզ կրկին ներկայացնում են մագիստրատուրայում եւ դրա դիմաց տարեկան 450 հազար դրամ ուսման վարձ պահանջում”,-դժգոհում է մեր զրուցակիցը:
Կանոնակարգի կոպիտ խախտումներով
ԵՊԼՀ “Միջազգային լրագրություն” ԳՈՒ կենտրոնում ստեղծված վիճակը, թերեւս, պատահական չէ: Բանն այն է, որ ԵՊԼՀ լրագրության բաժինը մյուս բուհերի լրագրության բաժիններից տարբերվում է ոչ միայն ուսման բարձր վճարով, այլեւ դասախոսների “որակով”: Ի տարբերություն այլ բուհերի, որտեղ դասավանդում են գիտական կոչում եւ աստիճան ունեցող դասախոսներ՝ գիտությունների թեկնածուներ, դոկտոր-պրոֆեսորներ, դոցենտներ, այստեղ հատկապես լրագրություն մասնագիտությամբ գիտական կոչում եւ աստիճան ունեցող որեւէ մեկը չկա: Ավելին, պարզվում է՝ գիտական կոչում եւ աստիճան չունի նաեւ ԳՈՒ կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը, նրա անունը հայտնի չէ նաեւ լրագրողական համքարությանը, քանի որ երբեւէ չի զբաղվել պրակտիկ լրագրությամբ: Ու սա այն դեպքում, երբ 01.10.2005թ. հաստատված “ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորման կանոնակարգ”-ի 12-րդ կետի համաձայն՝ “Պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման եւ առաջքաշման չափանիշներն են՝ հավակնորդների որակավորման (ակադեմիական) աստիճանը, գիտական աստիճանը եւ գիտական կոչումը, մանկավարժական աշխատանքի ստաժը” եւ այլն: Մեր աղբյուրների պատմելով՝ Տ. Հովհաննիսյանը, հակառակ կանոնադրական այս պահանջին, դասախոս է դարձրել իր մտերիմներին, որոնք եւս չունեն գիտական աստիճան ու կոչում: Մինչդեռ ցանկացած մարդու հայտնի է՝ բուհում դասախոս աշխատելու գլխավոր պահանջներից մեկը հենց գիտական աստիճան կամ կոչում ունենալն է:
“Թեկնածուները 2-3 հոգի են, եւ մենք քիչ ունենք լրագրության գծով պաշտպանած թեկնածուներ, որոշ դեպքերում փորձում ենք հրավիրել փորձառու մասնագետների”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավարը: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, լրագրություն մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում ունեցող միակ դասախոսին՝ Ա. Գալոյանին, նույն Հովհաննիսյանն այս տարի հրաժարվել է դասաժամեր տրամադրել ու բուհից դուրս է թողել: Ի դեպ, Հովհաննիսյանը երեկ խոստովանեց, որ ուսումնական ծրագրերի հարցում կան խնդիրներ: Բայց նաեւ ինքն իրեն գովեց` նշելով, որ  իր պաշտոնավարման ժամանակ գրանցել է մեծ առաջընթաց:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս