«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված ամպերը դեռ շարունակում են խտանալ: Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ոստիկանությունը փնտրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, եւ նրա որդուն՝ Արայիկ Հակոբյանին: Ըստ տեղեկությունների` հունիսի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ մի քաղաքացի հայտնել է, որ նախկին պատգամավորն ու նրա որդին՝ Արայիկ Հակոբյանը, իրեն ծեծի են ենթարկել: Իսկ ահա նախկին պատգամավորը վստահեցնում է, որ նման բան չկա, այլ պարզապես այս ճանապարհով իրենից գումար են ուզում «պոկել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պատմեց, որ օրեր առաջ իրենց տարածքով անցնելիս փողոցում նկատել են գետնին ընկած ու թպրտացող քաղաքացուն եւ անմիջապես օգնության են հասել: Վերջինս գիտակցության գալուց հետո շնորհակալություն հայտնելու փոխարեն ասել է, թե դուք եք ինձ ծեծել: Իսկ ավելի ուշ նրա հարազատները Հակոբ Հակոբյանից գումար են պահանջել կամ առաջարկել զբաղվել տվյալ մարդու կնոջ բուժման ծախսերով, ով, նրանց փոխանցմամբ, հիվանդ է: Արդյունքում Հակոբյանը հրաժարվել է, ինչից հետո էլ փորձել են շանտաժի միջոցով գումար կորզել: Ասել է թե՝ գնացել են ոստիկանություն եւ հայտնել, որ Հակոբյանն ու իր որդին իրենց հարազատին ծեծի են ենթարկել ու անօգնական թողնելով՝ հեռացել:
Մեր այն հարցին, որ եթե իրականում անմեղ են եղել, ապա ինչո՞ւ է որդու հետ ոստիկաններից թաքնվում, Հակոբյանը պատասխանեց. «Ո՞վ է անհետացել, ո՞վ է խուսափել ոստիկանություն ներկայանալուց, հո մենք անկոչ հյուր չենք, որ գնանք ոստիկանություն: Ոստիկանությունը մեզ ման չի գալիս, ոչ էլ կարող է մեզ ման գալ, միայն գրում են, բա մի հատ այդ տեղեկությունները գրողները ոստիկանությունից թող հարցնեին՝ այդ մարդուն կանչե՞լ եք կամ օրինական կերպով հրավիրե՞լ եք»:
Իսկ ինչո՞ւ է Հակոբյանի ընտանիքը մշտապես աղմկալի պատմությունների մեջ հայտնվում. հետաքրքրվեցինք նախկին պատգամավորից. «Ես էլ եմ միտում տեսնում, եւ շուտով պարզ կլինի, թե դա ում ձեռքից է գալիս»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: