Ոստիկանը` ընկերների օգնությամբ, 600.000 դրամի գողություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացիներ Գեղամ Ներսիսյանը և Արսեն Բաբայանը 2015թ. մարտի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իրենց ընկերոջ` ՀՀ ոստիկանության աշխատակից Գուրգեն Մկրտչյանի տանը հյուրընկալվելուց հետո, Գ. Ներսիսյանի առաջարկով որոշել են ավտոմեքենա վարձակալել և մեկնել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք: Վարձակալած ավտոմեքենայով վերջիններս ուղևորվել են Գեղարքունիքի մարզ. ճանապարհին ծխախոտ գնելու նպատակով մտել են Չկալովկա գյուղ և նկատել, որ շրջակայքի բոլոր խանութները փակ են:

Այնուհետև Գ. Ներսիսյանն ընկերներին առաջարկել է մթերային խանութից գողություն կատարել: Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:

Խանութի ներսում պոլիէթիլենային փաթեթներում տեղավորելով խոշոր չափերով` մոտ 580 հազ. ՀՀ դրամ արժողությամբ պարենային ու այլ ապրանքները, Գ. Ներսիսյանն ու Ա.  Բաբայանը  դրանք խանութի պատուհանից փոխանցել  են Գ.Մկրտչյանին, ով  գողոնը տեղափոխել ու տեղավորել է ավտոմեքենայի մեջ: Ապա հափշտակելով նաև խանութի դրամարկղում եղած 20 հազ. ՀՀ դրամը` վերադարձել  են  Երևան:

Գ. Մկրտչանն ու Գ. Ներսիսյանը վերջինիս առաջարկով գողացված ապրանքները տեղափոխել և թաքցրել են Գ. Ներսիսյանիընտանիքին պատկանող տնամերձ հողամասում:

Գուրգեն Մկրտչյանին, Գեղամ Ներսիսյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Գ. Ներսիսյանի և Ա. Բաբայանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակցի և նրա երկու ընկերների կողմից,նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողությունկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս