Հանրապետության 1800-ից ավելի դիմորդներ հունիսի 9-ին միասնական քննություն հանձնեցին «Ֆիզիկա» առարկայից: Միասնական քննությանը մասնակցեց և դիմորդներին ոգևորեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով վստահ է, որ քննությունները շատ հանդարտ են անցնում: Նախարարն այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն: Արմեն Աշոտյանը հաջողություն մաղթեց դիմորդներին, հետաքրքրվեց, թե ինչ դժգոհություններ և առաջարկություններ ունեն:
«Բժի՞շկ եք ցանկանում դառնալ, թե՞ նախարար: Առողջապահության, կրթության նախարարի պաշտոնը զբաղված է»-, դիմելով բժշկական համալսարան դիմածներից մեկին կատակեց Աշոտյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդունելության գործընթացներն այն աստիճան են կարգավորվել, որ կրթության լիազոր մարմնի ղեկավարը կարող է մեկնարկին նաև Հայաստանում չլինել:
«Չեմ անհանգստանում ընդունելության քննությունների ընթացքի կազմակերպական և որակական խնդիրներից, քանզի հիմնական աշխատանքը ԳԹԿ-ի կողմից արվել է: Այս քննությունները կրկին աննկատ կանցնեն: Ինձ էլ է հետաքրքիր շփվել մեր երիտասարդների, ծնողների հետ: Գոնե մեկ անգամ նախարարը պետք է գա, ավանդույթ է»,«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ քննությունները շատ հանդարտ են անցնում: «Մենք ունենք երեք «ցավոտ», պոտենցյալ «պայթյունավտանգ» քննություններ՝ հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և անգլերենի քննությունները: Այս երեք առարկաների վրա է սևեռումը եղել: Հայոց լեզվի քննությունն անցավ, որևէ խնդիր չունենք, կարծում եմ, նույն կերպ կանցնեն մնացած բոլոր քննությունները»,- հավելեց նա: Նախարարի խոսքով՝ եթե առաջադրանքները հեշտ են, բարձր ստացողները շատ են, ակնհայտ է, որ կբարձրանա մրցութային միավորը:
Էլեոնոր Հարությունյանը ևս միասնական քննություն էր հանձնում «Ֆիզիկա» առարկայից: «Հուզված եմ: Մեկ տարի պարապել եմ կրկնուսույցի հետ: Միայն ավարտական քննություններն եմ հանձնել, գերազանց չէ, բայց արդյունքը բավարար է»,-նշեց նա:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի հունիսի 2-ից մասնակցում է միասնական քննությունների: Քննությունները կանցկացվեն հանրապետության 34 քննական կենտրոններում: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 25-ին: