«Դաշնակցությունն ում հետ համագործակցել է, այդ ուժերը շատ վատ վախճան են ունեցել». Լևոն Զուրաբյանը քննադատեց նախկին դաշնակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակները դաշնակցության պատգամավորներն են: Այժմ պատգամավորները խմբակցությունների անունից ելույթներ են ունենում և ներկայացնում իրենց տեսակետտը: Ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, թե պետք է իրերն իրենց անուններով կոչել և ժողովրդին ասել, թե ինչ է կատարվում: «Սերժ Սարգսյանն ունի լրջագույն խնդիր` կապված սահմանադրական արգելքի հետ, և դա շրջանցելու նպատակով նախաձեռնել է սահմանադրական ռեֆորմ, որի ամբողջ իմաստն անցումն է խորհրդարանական համակարգի: Նա կստանա վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Ահա սա է ամբողջ ծրագիրը», – նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, բնականաբար, այս հարցը պետք է լինի հանրաքվեով և հավելեց, թե մենք այսօր քննարկում ենք դրա անցկացմանը կարգը: Պատգամավորը կոչ արեց խաղալ ազնիվ խաղի կանոններով: «Հակառակ դեպքում դուք չէիք դիմադրի այն առաջարկներին, որ մենք ներկայացրել էինք», – հավելեց Զուրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ պետք է լինեն հավասար, արդար հնարավորություններ բոլորի համար և հենց դա էլ կլինի ժողովրդական հանրաքվե: «Ասում եք` միայն խմբակցություններին տալիս եք օրական երկու րոպե: Սրանով խախտվում է հավասարության սկզբունքը: Ասենք, այնպես է ստացվում, որ հինգ խմբակցությունն «այո»- ի դիրքորոշմանն են, մյուսը` «ոչ»-ի: Կարող է և հակառակը լինել, բայց սրանով խախտվում է հավասարության սկզբունքը», – հավելեց նա:

Զուրաբյանի խոսքով, հեղինակները կարող էին ընդունել իրենց առաջարկները, բայց վերջիններս ընտրել են մեծամասնության հետ այդ հարցը համաձայնեցնելու տարբերակը: «Հարց է ծագում` ինչու է այդպես վարվել: Ասեմ` ինչու, ցավոք սրտի, հանրապետական կուսակցությունը և դաշնակցությունն այսուհետև դաշնակցել են ոչ միայն այս սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլ դա կեղծելու հարցում: Բայց մի բան էլ ասեմ` դաշնակցությունն ում հետ համագործակցել է, այդ ուժերը հետո շատ վատ վախճան են ունեցել», – հավելեց նա:




Լրահոս