Հայաստանում 2008թ-ից մինչ այսօր մանկական թրաֆիքինգի 11 տուժող է հայտնաբերվել, որոնցից 6-ը աղջիկներ են, իսկ 5-ը տղաներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց “Մարդը կարիքի մեջ” հայաստանյան կազմակերպության, թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանն` ավելացնելով, որ 8 դեպք է բացահայտվել, որոնցից 4-ի գործով կա արդեն դատարանի վճիռը, իսկ մյուս 4-ը գտնվում են միջանկյալ փուլում:
Տղա տուժողները հիմնականում մուրացկանության մեջ են շահագործվել, իսկ աղջիկներից 4-ը` սեռական շահագործման, 1-ը` աշխատանքային, մյուսն էլ` մուրացկանության:
Դեպքերից 2-ը արտերկրում է գրանցվել, իսկ մնացածը` ներքին թրաֆիքինգին է պատկանում: Ի դեպ, տուժած բոլոր երեխաներն էլ ունեցել են ծնողներ, բայց նրանց մեծ մասը հատուկ հաստատությունների երեխաներ են եղել: Իսկ թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ սրանք բացահայտված դեպքերն են, սակայն իրականում` դեպքերն ավելի շատ են: