ԱԺ-ում շարունակվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Նշենք, որ նախագծի հեղինակները դաշնակցության խմբակցության պատգամավորներն ու Թևան Պողոսյանն են:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ելույթ ունենալիս նշեց, որ օրենքում մտահոգող կետեր կան։ Նա ընդգծեց, որ հասկանում է, թե այս փոփոխությունները որ քաղաքական ուժերին են հարկավոր և ինչ նպատակ են հետապնդում։ Նա իր ելույթում մեջբերեց «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված տվյալները, որոնց համաձայն` հունիսի 7-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում խախտումներ են եղել:
«Ալավերդիում, Աբովյանում, Արտաշատում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, օրինակ՝ Ալավերդիում 3 հազար մարդ ավել է քվեարկել։ Հենց այս պատճառով պահանջում եմ, որպեսզի օրենքի փոփոխություններում ներառվի ընտրողների ցուցակների հրապարակումը»,- նշեց Բիշարյանը։
Նրա խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հորդորեց Բիշարյանին ապատեղեկատվություն չտարածել:
«Մենք կողմ ենք քվեարկել, որպեսզի այս օրենքը մտնի ԱԺ օրակարգ, քանի որ բխում է «Ընտրական օրենսգրքի» և ժողովրդավարության կայացման տրամաբանությունից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ` Ալավերդիում պլաստիկ անձնագրերով ընտրություն չի եղել, ես ինքս մասնակցել եմ. Ալավերդիում մասնակցել է 8900 ընտրող։ Եթե Դուք հղում անեիք Ալավերդիում ՕԵԿ գրասենյակին և ասեիք, որ նա է խախտումներ արձանագրել, ապա ես հրապարակավ ներողություն կխնդրեի։ Հիմա, եթե ես չխոսեի, բոլորը տարածելու էին ապատեղեկատվությունը»,- հայտարարեց Շարմազանովը։