«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր խորհրդարանում թեժ անցավ: Քննարկման վերջում նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը բոլորին կոչ արեց նախ կարդալ նախագիծը, ապա նոր հայտարարություններ անել:
Այնուհետև նա առանձին-առանձին անդրադարձավ բոլորի քննադատություններին: «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան, միայն ՀԱԿ-ն է գրավոր առաջարկություններ արել, ու չփորձեք պատճառաբանել, թե տեխինկական խնդիրներ են եղել: Ձեր շատ մտքեր ուղղակի իրավագիտական անգրագիտություն են»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Նա անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: «Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի աշխարհացունց հայտարարություններին, ապա Դուք, պարոն Զուրաբյան, այդպես էլ չարժևորեցիք փոխադարձ հարգանքի կամ միմյանց հետ աշխատելու հնարավորությունը: Ձեր կողմից փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարություններով հերթական քաղաքական դիվիդենտներ շահել: Երբ ՀՅԴ-ն գործում էր, ձեր ուժը իսկի ծնված էլ չէր: Դուք եք կեղծիքների նախահայրը, Դուք ի՞նչ բարոյականությամբ եք նման հայտարարություն անում մեր հասցեին: Ստախոսը Դուք եք, պարոն Զուրաբյան, այս ամբիոնից ինչ անիմաստ հայտարարություն ասես, անում եք, այդ աստիճան իրավագիտական տգիտություններ մի ասեք», – եզրափակեց նա: