«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը համատեղ ներկայացրել են առաջարկությունների մի փաթեթ, որը չի ընդունվել նախագծի հեղինակների կողմից: Պատգամավորի խոսքով, նրանց առաջարկություններն ավելի թափանցիկ կդարձներ գործընթացը:
«Ես որպես ԵԽԽՎ անդամ` պարբերաբար հանդիպում եմ Վենետիկի հանձնաժողովի անդամներին: Այո, նրանք ունեն որոշակի վերապահում ընտրացուցակների հրապարակման հետ կապված, բայց, պարո´ն Մինասյան, վստահեցնում եմ, եթե հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք արդար ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը միանշանակ կողջունի»,- նշեց նա:
Զոհրաբյանը նաև անդրադարձավ չընդունված մյուս առաջարկին և նկատեց, որ ընտրությունների ժամանակ «հաշմանդմաներին», չգիտես` ինչու, ուղեկցում են ահասարսուռ տեսքով «վալանտյորներ»:
«Ինչո՞ւ չընդունվեց այդ առաջարկը, և ահասարսուռ տեսքով «վալանտյորների» կողմից ընտրախուց «բրդվող» ընտրողը անպայման ներկայացնի իր հաշմանդամությունը հաստատող տեղեկանք, որ մենք էլ համոզված լինենք, որ մարդը ոչ թե ընտրական հրճվանքի կամ ընտրական ադրենալինից է դարձել ընդամենը 15 րոպեով առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամ, այլ ուղղակիորեն հաշմանդամ է»,-հավելեց նա: