Ես ասում եմ` նման բան չի եղել, ոչ մեկ ոչ մեկի վրա ձեռք չի բարձրացրել. թաղապետարանից հերքում են ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` Արաբկիրի թաղապետարանում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` թաղապետարանի առևտրի բաժնի պետ Վարդգես Մարտիրոսյանը քաղաքացիներից մեկի հետ վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է այդ կնոջը և հայհոյել: Նշվածի վերաբերյալ` փորձեցինք մեկնաբանություն ստանալ թաղապետարանից:

Թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նման բանից տեղյակ չէ. «Ես չեմ կարա հաստատեմ: Եթե ինչ-որ բան է եղել բողոքել են, ուրեմն համապատասխան ատյանը պետք է զբաղվի: Ես նման տեղեկություն չունեմ»:

Հստակեցնող հարցին` երեկ թաղապետարանում վիճաբանություն չի՞ եղել, Գյուլումյանը մի քիչ վրդովված պատասխանեց. «Թաղապետարանում վիճաբանություններ չեն լինում, մարդիկ են լինում, ովքեր դժգոհ են լինում այս կամ այն հարցից և իրենց դժգոհությունն են հայտնում: Դա սովորական բան է: Ենթադրենք, եթե մեկը գույքահարկի պարտավորություն ունի, և մենք գործն ուղարկում ենք դատարան, բնականաբար, մարդը կարող է և դժգոհել և բողոքել»:

Մեր մեկ այլ հարցին` ինչն է վիճաբանության պատճառը եղել և ինչու է Վարդգես Մարտիրոսյանը հարվածել կնոջը, Գյուլումյանը պատասխանեց. «Էնպես եք ասում, ոնց որ դա իրողություն է, իրական փաստ է և հիմա ինձանից պատճառ եք հարցնում: Ես ասում եմ` նման բան չի եղել, ոչ մեկը ոչ մեկի վրա ձեռք չի բարձրացրել»:

Շեշտենք, որ Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ իրենց դիմել է քաղաքացի, ով բողոքել է, թե իրեն հարվածել է թաղապետարանի բաժնի պետը:

Ստացվում է` թաղապետարանի աշխատակազմի ղեկավարը հերքում է ոստիկանությունում արձանագրվածը: Այդ առնչությամբ Գյուլումյանն ասաց. «Ես չեմ հերքում ոչ մի բան: Ես ոստիկանության հետ չեմ խոսել, որ հերքեմ կամ չհերքեմ: Ես ոստիկանությունից նման լուր չունեմ: Եթե իրենք ահազանգ ստացել են, իրենց ասածով պետք է շարժվեք: Ես ինքս նման բանի ականատես չեմ եղել, որ Ձեզ ասեմ»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս