«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի խնդրի լուծման երկու տարբերակ են քննարկում: Ինչպես հայտնել էինք՝ ի սկզբանե որոշվել էր, որ էլէներգիայի սակագինը կթանկացնեն 6-7 դրամով: Մյուս տարբերակը, որը վերջին օրերին է քննարկման թեմա դարձել, էլէներգիայի գործող սակագինը նույնը թողնելն է: Երկու տարբերակների դեպքերում էլ, սակայն, ՀՀ իշխանությունները միեւնույն ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար պետք է լրացուցիչ եկամուտներ ապահովեն: Այս խնդիրը լուծելու համար որոշել են զսպել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագների բարձրացումը: Ինչպես հայտնի է՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Հրազդան ՋԷԿ»-ը, «Հրազդանի 5-րդ էներգաբլոկը», «Երեւան ՋԷԿ»-ը եւ Սեւան-Հրազդան կասկադը դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` իրենց կողմից արտադրվող էլէներգիայի սակագները բարձրացնելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԷԿ-ի մասով արդեն իսկ քաղաքական որոշումը կայացվել է, ըստ այդմ, ատոմակայանի էլէներգիայի գինը ոչ միայն չի թանկանա, այլեւ, ընդհակառակը, մոտ 10 տոկոսով կէժանանա: Ենթադրվում է, որ մյուս ձեռնարկությունների դեպքում եւս համանման մոտեցում կարող է կիրառվել: Այս ճանապարհով ՀԾԿՀ-ն փորձում է հող նախապատրաստել, որպեսզի, առանց սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու, ՀԷՑ-ի շահույթն ավելանա: Այսինքն` հոսանք արտադրողները ՀԷՑ-ին էժան էլէներգիա վաճառեն: Ենթադրվում է, որ առաջիկայում ՀԾԿՀ-ն պաշտոնապես կհրապարակի էլէներգիա արտադրողների հայտերի առնչությամբ իր դիրքորոշումը, ըստ այդմ, արդեն հասկանալի կլինի, թե ՀԷՑ-ի խնդրի լուծումը որ ուղղությամբ կընթանա:
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանն արդարացվել Է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին: Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից եւ չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը: Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան: Անպայման ստանալու եմ, բա թողեմ՝ ուտե՞ն: Իմ հալալ քրտինքն ա, չեն կարա ուտեն: Աստված ա պատժելու»,- ասել է Կարապետյանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, ՀՀԿ-ական Գառնիկ Բադալյանն այն եզակի պաշտոնյաներից է, որը մեկ տասնամյակից ավել՝ 12 տարի, նույն պաշտոնն է զբաղեցնում: Էկոնոմիկայի նախարարությունում նույնիսկ կատակում են, որ 65-ամյա փոխնախարարը դարձել է նախարարության անբաժանելի մասնիկը: Բայց նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրվա երկրորդ կեսին Գառնիկ Բադալյանին հաճախ կարելի է տեսնել «քեֆը լավ» վիճակում: Նախարարությունում կատակում են, թե նրա աշխատանքային ժամը մինչեւ 15:00-ն է, դրանից հետո նա այլեւս «ազատ» մարդ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիկ Բադալյանի հետ, ով հարցը լսելուց հետո զայրացած ասաց. «Ի՞նչ զվարճանք, որտե՞ղ զվարճանքով զբաղվեմ: Սուտ են ասում: Բացարձակ սուտ է: Ով նման բաներ է ասում, բերե՛ք մոտս: Ես մինչեւ ժամը 20:00-ն եմ նախարարությունում լինում»: Ի դեպ, Բադալյանի «առանձնահատկություններից» մեկն էլ այն է, որ նա «Վիվառո» բուքմեյքերական ընկերության, «Կովկաս» պանդոկների ցանցի սեփականատերերի մերձավոր ազգականն է:
ՀՀ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել պետական բյուջեի այս տարվա առաջին եռամսյակի կատարողականը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ եկամուտների մասով պետական բյուջեն առաջին եռամսյակում թերակատարվել է մեկ միլիարդ 316 միլիոն դրամի չափով: Տոկոսային արտահայտությամբ թերակատարումը կազմել է կես տոկոս: Ծախսերի մասով պետական բյուջեի թերակատարումը կազմել է 11,7 տոկոս, որը գումարային արտահայտությամբ կազմել է 35 միլիարդ 545 միլիոն դրամ: Այլ կերպ ասած՝ առաջին եռամսյակում պլանավորված գործերի համար վերը նշված գումարի չափով հատկացումները չեն արվել: Մասնավորապես, ըստ ոլորտների՝ թերի հատկացումները հիմնականում կազմել են 11-14 տոկոս: Ամենամեծ թերակատարումն առկա է բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների ոլորտի համար նախատեսված հատկացումներում՝ 36,6 տոկոս: Պաշտպանության ոլորտի համար նախատեսված ծախսերի մասով վիճակը համեմատաբար բարվոք է եղել, այստեղ հատկացումների թերացումը կազմել է 7,8 տոկոս:
ԵԶՐԱԳԾԱՅԻՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչի կողմից նախօրեին Երեւանում հնչեցրած հայտարարությունը, թե Ադրբեջանն առաջարկ է ներկայացրել իրեն՝ Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնելու եւ Թուրքիային ու Գերմանիային ներգրավելու մասին, բավականին ուշագրավ էր: Իհարկե, Դաչիչը նշել էր, թե դա նոր առաջարկ չէ, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է կոնսենսուս, այդուհանդերձ, ինքնին փաստը, որ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության հարցը օրակարգ է բերվում ԵԱՀԿ գործող նախագահի կողմից, այն էլ Երեւանում, պետք է որ որոշակի մտահոգության տեղիք տա:
Մինչդեռ Դաչիչի հայտարարությունից անմիջապես հետո հայկական կողմը ամենատարբեր մակարդակներով շտապեց հայտարարել, թե լուրջ չի մոտենում այս առաջարկի իրագործման հավանականությանը, թե դա Ադրբեջանի վաղեմի երազանքն է, որի իրագործումը, սակայն, անհնար է: Դա, իհարկե, այդպես է` Ադրբեջանը տարիներ շարունակ իր մեծ եղբոր` Թուրքիայի հետ զգալի ջանքեր է գործադրում՝ բանակցային ֆորմատում թուրքերին ներգրավելու համար: Ընդ որում, դատելով Վիկիլիքսի կողմից հանրայնացված փաստաթղթերից՝ այդ հարցը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի միջեւ քննարկված կարեւոր խնդիրներից մեկն է եղել, եւ, որ ուշագրավ է, Սերժ Սարգսյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Թուրքիան կարող է լինել չեզոք միջնորդ: Ինչեւէ, հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո մի որոշ շրջան այդ հարցը հանվել էր օրակարգից:
Սակայն Ադրբեջանի` հետզհետե ավելի ու ավելի անզիջում դարձող պահվածքի արդյունքում տեղապտույտի մեջ հայտնված Ղարաբաղի բանակցային գործընթացն այսօր արդեն մտել է փակուղի, որից դուրս գալու համար անհրաժեշտ է նշանակալի փոփոխություն կատարել կա՛մ բանակցվող փաստաթղթում ամրագրված սկզբունքներում, կա՛մ առնվազն բանակցային ձեւաչափում: Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ, որը, բնականաբար, տարբերակներից ամենաանցանկալին է բոլոր կողմերի համար:
Այս առումով պատահական չէր, որ 3 ամիս առաջ ԵԱՀԿ միջնորդները հայտարարեցին Մինսկում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների հավաք անցկացնելու անհրաժեշտության մասին, որի հիմնական խնդիրը բանակցային աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի քննարկումը պետք է լիներ: Առ այսօր այդ հանդիպումը չի կայացել, սակայն դատելով Ռաչիչի հայտարարությունից` չի բացառվում, որ այն առաջիկայում կազմակերպվի, ե՛ւ այստեղ՝ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի վրա ճնշումները կարող են զգալիորեն մեծանալ:
Իհարկե, առանց ՀՀ համաձայնության ՄԽ ներկայիս եռանախագահությունն անհնար է փոխել, սակայն ինչպես հայտնի է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ ցանկության դեպքում միջնորդները կարող են գտնել ՀՀ վրա ճնշումներ բանեցնելու այնպիսի ձեւեր, որոնց արդյունքում անհրաժեշտ կոնսենսուսը, ի վերջո, կկայանա: