Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր կնոջ մասին հրապարակումները բացահայտ հերյուրանքներ են և բնավ չեն համապատասխանում իրականությանը:
«Մենք դիմել ենք համապատասխան ատյաններին, և գործը կամաց-կամաց բացահայտվում է: Ես այդպիսի իրավիճակում երբևիցե զգացմունքներին չեմ տրվում, չնայած նրան, որ հայկական ընտանիքներում տղամարդկանց մոտ այլ տեսակետ կա»,- նշեց Օհանյանը:
Անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան, նախարար Օհանյանը նշեց, թե նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում: Իսկ այն հարցին, թե կան տեղեկություններ, որ Դուք եք դառնալու հաջորդ նախագահը, Օհանյանը նշեց. «Ես հպարտանում եմ` ՀՀ պաշտպանության նախարարն եմ և իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: Ես այդ պատասխանատվությունը կրում եմ և պետք չէ այլ բաների մասին մտածել»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների պատճառով նախարարի կինը դիմել էր դատարան: