Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարևորում է Գանայի հետ քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:
Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության Նախագահի երախտագիտությունն է փոխանցել ՀՀ Նախագահին՝ օրերս Աքրա քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Նախագահի ցավակցական հեռագրի և այդ ողբերգության ծանր պահին Գանայի ժողովրդի կողքին լինելու և կարեկցելու համար:
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում անկեղծ նվիրումով կաշխատի Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների ամրապնդման ու տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ակտիվ շփումները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն, համագործակցությունը զարգացնելու համար:
Սերժ Սարգսյանը և դեսպան Ալաբոն գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության մասին: