Երբ այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները իջեցրել են կաթի մթերման գինը, այդպես էլ որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչպես կարող է կաթնամթերքի գների համընդհանուր թանկացման պայմաններում նման բան տեղի ունենալ: Այս խորհրդավոր լռությունը, սակայն, շատ պարզ բացատրություն ունի: Այս տարվա սկզբից մեծ քանակությամբ էժան կաթի փոշի է ներկրվել Հայաստան: Կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ձեռնարկությունների հասկացրել են, որ լավ կանեն, եթե այդ կաթի փոշին օգտագործեն: Առաջարկն ինքնին կաթնամթերք արտադրողներին ձեռնտու է եղել, քանի որ շահույթն այդպիսով ավելանում է: Նրանց մի գործոն կարող էր կաշկանդել միայն` ինչպես պետք է կաթի փոշուց պատրաստված արտադրանքը ներկայացնեն որպես անարատ կաթից ստացված. «բա որ բռնվեն»: Ահա, այստեղ է, որ շուկայի «թելադրողները» արտադրողներին տվել են երաշխիքներ, որ նման խնդիր չի առաջանա: Ու երբ մի քանի խոշորներ սկսեցին այդ կաթի փոշին օգտագործել, մյուսները, այդ թվում նաեւ՝ փոքր արտադրողները, արդեն ինքնակամ սկսեցին նույնն անել, քանի որ հակառակ դեպքում չէին կարողանա մրցակցությանը դիմանալ: Այս ամենի արդյունքն էլ եղավ այն, որ կաթի մթերման գները կտրուկ իջան, եւ ֆերմերներն այժմ չգիտեն՝ ինչպես անասնակերի խնդիր լուծեն, ինչպես իրենց աշխատողներին աշխատավարձ վճարեն: Գյուղատնտեսական տարին դեռ կես չի եղել, բայց արդեն իսկ տեղեկություններ են ստացվում, որ ֆերմերները ստիպված իրենց անասունների մի մասը մորթում են` անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ահա, ազատ շուկայական հարաբերությունների խաթարման վառ դրսեւորում:
Հունիսի 9-ից 10-ը տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունից վերջերս հանձնաժողովի անդամ դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նշված հանձնաժողովն ունի 20 անդամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույն նիստում քննարկվելու է նաեւ Լատվիայի, Մոնակոյի, Ադրբեջանի եւ Լյուքսենբուրգի դատավորների թեկնածուների հարցը: Թեկնածուների եռյակների հետ հարզացրույցից հետո հանձնաժողովն ամեն երկրից պետք է ընտրի մեկ թեկնածու, որին կերաշխավորեն ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրություններին մասնակցելու համար: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը նախատեսված է հունիսի 22-ից 28-ը: Հիշեցնենք, որ ՀՀ թեկնածուներն են ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավաբան Արայիկ Ղազարյանը եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Անձը ԵԴ դատավոր կարող է լինել 1 անգամ՝ 9 տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադրությունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը: Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է: Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ եւ ավել: Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից: Դժվար թե ճանապարհային ոստիկանները համարձակվեին ՀՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան կանգնեցնել ու տեղում 250 հազար դրամով տուգանել: Առավել եւս, որ սույն պատգամավորն ինքն էլ է խոստովանում, որ բռնաբարության հանդեպ թուլություն ունի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամսիներին ընդհանուր գները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել են 5 տոկոսով: Այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ամսվա հետ համեմատած, պարենային ապրանքները թանկացել են 5,1 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պարենային ապրանքներից բանջարեղենի գների դեպքում այս տարվա մայիսին, անցած տարվա համեմատ, նույնիսկ գնանկում է արձանագրվել: Եվ այս հանգամանքն ընդհանուր գնաճը որոշակի մեղմել է: Ի դեպ, պարենային ապրանքներից կաթնամթերքի շուկայում արձանագրվել է 5,9 տոկոսի, իսկ մսամթերքի՝ 5,4 տոկոսի գնաճ: Ուստի, եթե ՀՀ իշխանությունները չփոխեն իրենց մտադրությունը եւ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու մտքից չհրաժարվեն, ապա հաշվի առնելով այն փաստը, որ գնաճի ցուցանիշն արդեն իսկ բավականին բարձր է, այս տարի գնաճը կարող է աննախադեպ բարձր լինել:
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության առավել ռիսկային ոլորտներում ստուգումներ սկսելու հանձնարարական է տվել: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2015թ. ապրիլի 3-ի որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված պետական բյուջեի միջոցների կառավարման գործընթացի վերահսկողության նախնական արդյունքները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, գյուղական խորհրդատվական ծառայությունների, գյուղտեխնիկայի պետական տեսչության, անտառապահպանական ծառայությունների, ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության հետ կապված վերահսկողական խնդիրները: Նկատենք, որ գյուղատնտեսական բոլոր վերը նշված ոլորտներում էլ առկա են բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, որոնց վերաբերյալ չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ՎՊ-ի կողմից լինեն նոր բացահայտումներ:
Խնդիրը, սակայն, այն է, թե ում են պետք այդ բոլոր բացահայտումները, եթե դրանց հրապարակումից հետո չի հետեւելու որեւէ իրավական գործընթաց, եւ որեւէ օրինախախտ պատասխանատվության չի ենթարկվելու: Թեեւ նախկինում էլ ՎՊ-ի բացահայտումների արդյունքում առանձնապես մեծ իրավական հետեւանքներ չէին լինում, քանի որ դատախազությունն ուղարկված գործերը հիմնականում «ջրում» էր, սակայն երկու տարի առաջ ԱԺ-ում ունեցած իր հայտնի` «կաբելի» մասին ելույթից հետո Իշխան Զաքարյանի ղեկավարած կառույցի աշխատանքի արդյունավետությունն իսպառ դարձավ խորհրդանշական:
Ինչպես հիշում ենք՝ Զաքարյանի` միանգամայն տեղին տրված գնահատականները դուր չեկան Սերժ Սարգսյանին, ով հրապարակավ հորդորեց ՎՊ նախագահին իր կարծիքը հայտնել սեփական տանը: Դա ապահովելու համար անգամ օրենսդրական փոփոխություն կատարվեց, եւ հիմա կարելի է ասել՝ Զաքարյանը հենց այդպես էլ անում է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի հայտնի հորդորից հետո Զաքարյանի «ոտքը չի եղել» Ազգային ժողովում` չնայած հատկապես ընդդիմադիր պատգամավորների` բազմիցս հնչեցրած պահանջներին: Իսկ ՎՊ-ի ներկայացրած վերջին տարեկան հաշվետվությունն էլ անատամ, լղոզված եւ հստակ գնահատականներից զերծ մի փաստաթուղթ է: Ճիշտ այնպիսին, ինչպիսին որ ցանկանում էին Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, որոնց հրահանգով ՎՊ-ի լիազորությունները համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանափակվեցին:
Եվ այս իրավիճակում հարց է առաջանում, թե, առհասարակ, ո՞րն է այս կառույցի գործունեության իմաստը: