ՕԵԿ-Ը ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրենց պահանջներով միշտ տարբերվել են, ավելին՝ Հարությունյանը վստահ է, որ ՕԵԿ-ին իշխանություններն են ընդդիմություն «սարքել»:

-Պարո՛ն Հարությունյան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ինչպե՞ս է վերաբերում միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու ՕԵԿ-ի կոչերին: Այդ կուսակցությունը որոշել է քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների շարք սկսել, Դուք մասնակցելո՞ւ եք դրանց:
-Ժամանակին Լուկրեցիոսն ասել է, որ ոչնչից անգամ աստվածների կամքով ոչինչ չի ստեղծվում: Հետեւաբար դա բացառվում է, ու համոզված եմ, որ դա արհեստական ստեղծված կառույց է, ուղղակի քանի որ իշխանություններին հաջողվեց հակասահմանադրական ճանապարհով, ճնշումների միջոցով համաժողովրդական շարժումը թուլացնել, իրենք փորձում են ստեղծել երկրորդ, այսպես ասած, իրենց «ժորիկը», որպեսզի կարողանան իրենց համար ցանկալի արդյունքի հասնել: Իրենք փորձում են այնպես անել, որ այդ ուժն իրենց համար դառնա կառավարելի ընդդիմություն: Մենք տեսնում ենք, որ այսօր դաշտում տարբեր ճանապարհներով փորձում են ապրանք ստեղծել, իսկ այդ առումով կարելի է ասել, որ Արթուր Բաղդասարյանն իշխանությունների պրոյեկտն է, ու համոզված եմ, որ ինքը հաջողության չի հասնի: Արթուր Բաղդասարյանը չի կարող բացատրել, թե երբ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել էր, այդ ինչպես եղավ, որ ինքը հանկարծ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո փորձեց միանգամից տեղավորվել ընդդիմադիր դաշտում: Համենայնդեպս, դաշտն ազատ չի Արթուր Բաղդասարյանի համար, որովհետեւ դաշտը դա ժողովուրդն է, իսկ ժողովրդի մոտ իր վարկանիշն ահավոր ցածր է: Եթե իրենց թվում է, թե իրենք հեռուստաընկերություն ունեն, իրենց պատգամավորներն էլ ինչ-որ բեմադրություններ են ցուցադրում, դրանով հաջողության կհասնեն, ապա սխալվում են, դա ոչ մի բան չի նշանակում:
-ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս բազմիցս սեղմել է Սերժ Սարգսյանի ձեռքը, սակայն դրանից հետո Ծառուկյանը եւս նույն կերպ հեռացավ Ս. Սարգսյանից եւ «դարձավ» ընդդիմադիր: Ինչո՞ւ էիք Գագիկ Ծառուկյանի կողքին, երբ վերջինս հայտարարեց իշխանափոխության մասին, սակայն ճանապարհի կեսից ժողովրդին մենակ թողեց: Ինչո՞վ են Գ. Ծառուկյանն ու Ա. Բաղդասարյանը միմյանցից տարբերվում:
-Դա եղել է համաժողովրդական շարժում, տարբեր ուժեր էին, ու ես ասել եմ, որ տարբեր առիթներով ես քննադատել եմ ե՛ւ Գագիկ Ծառուկյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խնդիրն այն է, որ այն ժամանակ իրենք… համենայնդեպս, այդ ժամանակ իրենց մղումներն ազնիվ էին, ու մենք որեւէ մեկի կողքը չէինք կանգնում: Այն ժամանակ կար իշխանափոխության խնդիր, իսկ հիմա Արթուր Բաղդասարյանը իշխանափոխության խնդիր չի դնում, ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Իսկ համաժողովրդական հիմնական ուժերը ու նաեւ մենք նախագահի հրաժարական ենք պահանջել: Մեր կուսակցությունը գնում է մեր գծով, մենք մի քանի տարի է՝ Բաղրամյան 26-ի մոտ ենք, դուռը ծեծում ենք, ասում ենք՝ հեռացի, հիմա համաժողովրդական շարժումը մեզ հետ էր, բայց ճանապարհի կեսից չեկավ՝ փետրվարյան դեպքերից հետո: Բայց Արթուր Բաղդասարյանի թեման փակված է մեզ համար, որովհետեւ Ա. Բաղդասարյանն այն դեպքն է, որ նրա հետ հնարավոր չի:
-Բայց գուցե այս անգամ Արթուր Բաղդասարյանի մղումներն ազնիվ են, ու քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդին չհաջողվեց համաժողովրդական շարժումը Բաղրամյան 26 «հասցնել», գուցե՞ դա անի Արթուր Բաղդասարյանը: Ինչո՞ւ եք բացառում:
-Ինձ համար պարզ է դառնում ամեն ինչ, երբ մարդը կոնկրետ իրադարձության վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում է հայտնում: Փետրվարյան դեպքերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը փախած վիճակում էր, ինքը դիրքորոշում չհայտնեց, կուսակցականներն էլ տարբեր բաներ ասեցին. մանեւրում էին, բայց նույնպես այդպես էլ դիրքորոշում չհայտնեցին: Ուղղակի հիմա իրենք մտածում են, թե դաշտն ազատ է, բայց դաշտն ազատ չի, դաշտը նույնիսկ շատ խիտ է: Եվ այդտեղ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի, հիմա կարողա հավաքեն, ինչ-որ մի հատ համագումար անեն, իրենց հեռուստաընկերությամբ ելույթներ ունենան, ցույց տան դա, բայց դա… այսինքն՝ ասելու բան չկա, ժողովուրդն իր աչքով է տեսել նրանց գործունեությունը: Հիմնականում գիտեք՝ ինչու Արթուր Բաղդասարյանին գործուղեցին ընդդիմադիր դաշտ, որովհետեւ պետք էր քննադատել Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, իսկ դաշտում քննադատող չկար: Եվ հիմա ՕԵԿ-ի վրա նոր դերակատարություն է դրված, այն այժմ դառնալու է Սերժ Սարգսյանի ընդդիմությունը:

 

 

 

 
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է, ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ

ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ տաքսիստների գործունեության կարգը հեշտացվել է, պարզապես այս փուլում հնչեցված տարաբնույթ կարծիքների արդյունքում թյուր տպավորություն է ձեւավորվել:

-Պարո՛ն Առաքելյան, արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր գերատեսչությանը չի հաջողվում լուծել տաքսիստների հետ կապված խնդիրը, վերջիններս բազմաթիվ բողոքներ են ներկայացրել կապի եւ տրանսպորտի նախարարություն: Ի՞նչը չի բավարարում տաքսիստներին, ինչո՞ւ Ձեզ չի հաջողվում նրանց բարձրացրած հարցերին լուծումներ գտնել:
-Ուրեմն կար նախկինում գործող օրենք, որով սահմանված էին որոշակի վճարներ եւ որոշակի վարչարարություն, որպեսզի անձը իրավունք ստանար տաքսի ծառայություն մատուցելու: Բարեփոխման արդյունքում օրենքը փոփոխվեց, շուրջ 20 տոկոսով նվազեցին այն պարտադիր վճարները, որոնք պետք է մուծվեին մեկ մեքենայի հաշվարկով, նաեւ հեշտացվեց վարչարարությունը: Այս նոր օրենսդրությամբ գործում է մեկ պատուհանի սկզբունք, նաեւ սահմանված են հեռահար միջոցներ, որոնցով դուք կարող եք հանձնել ձեր փաստաթղթերը, օրինակ` էլեկտրոնային փոստով, եւ 7 օրվա ընթացքում իրավունք ստանալ: Նախկինում նման բան չկար: Բացի այդ` եթե նախկինում պետք է հաշվապահություն վարեիք, հիմա դրա անհրաժեշտությունը եւս վերացել է, ընդամենը Երեւան քաղաքում օրական հաշվարկով պետք է վճարեք 400 դրամ եւ կարող եք ձեր գործունեությունը իրականացնել: Ինչ վերաբերում է բողոքներին, ասեմ, որ զանգվածը բաժանված է մի քանի մասի, մի մասը դա օրինապաշտ վարորդներն են, որոնք պահանջում են, որպեսզի բոլորը հավասար դաշտ գան, սակայն այդ զանգվածի ձայնը ցածր է հնչում, մնացած բոլոր տիպի բողոքները շատ հաճախ կապված չեն տրանսպորտային ոլորտի հետ, որոնք մեր լիազորությունների մեջ են մտնում: Բողոքում են, օրինակ, ճանապարհային տուգանքներից, որը մեզ հետ որեւէ առնչություն չունի:
-Բայց եթե ամեն բան այդքան հեշտացել է, ինչպես Դուք եք նշում, այդ դեպքում ինչու են տաքսիստները շարունակում բողոքել:
-Մենք հրապարակային ներկայացրել ենք ռեֆորմը` մանրամասն բացատրելով, որ նախկինի համեմատ իրենց բեռը թեթեւացել է: Ով մեկ անգամ առնչվել է նախարարության լիցենզավորման պատասխանատուների հետ, վստահաբար կասի, որ լիցենզիայի հետ կապված որեւէ խնդիր բացարձակ իր մոտ չի առաջացել: Մենք բոլոր խնդիրները իսպառ վերացրել ենք, ու ես կարծում եմ, որ արդեն տաքսիստների համար իրենց գործունեությունը մատչելի է դարձել: Սա որոշակի գործընթաց էր, որը քիչ-քիչ իր եզրահանգումը ստացել է: Կան ուղղակի շահարկումներ, որոնք մշտապես էլ կարող են լինել, ու տարբեր կարծիքներ կարող են հնչել, եւ դա, կարծում եմ, նորմալ է: Ուղղակի ոսկե միջինը գտնելը դժվար է, դրա համար էլ այսօր կան նման բազմաբնույթ տեսակետներ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՓՀԷԿ-ԻՆ ԿՏՈՒԳԱՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է մեկ միլիոն դրամի չափով տուգանել «Զանգեզուր-95» արտադրական կոոպերատիվին: Այս մասին որոշման նախագիծը ընդգրկված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 10-ին նախատեսված նիստի օրակարգում: Բանն այն է, որ «Զանգեզուր-95» ԱԿ-ն գերազանցել է «Շինուհայր» ՓՀԷԿ-ի լիցենզիայով նախատեսված հզորությունը, ինչի պատճառով 2015 թվականի մայիսի 5-ից նշված կոոպերատիվի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Բանն այն է, որ ՀԾԿ հանձնաժողովի՝ 2011 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ համաձայնություն է տրվել, որպեսզի կոոպերատիվի ՓՀԷԿ-ի գույքը գրավադրվի: Սակայն «Զանգեզուր-95» արտադրական կոոպերատիվը, առանց հանձնաժողովին տեղեկացնելու, ինքնակամ փոխել է կայանի հիդրոագրեգատները:

 

ԱՆՀԱՅՏԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վրեժ Կիրակոսյանի անունը Հայաստանի հանրությանը դժվար թե ծանոթ լինի: Նա այն մարդկանցից մեկն է, որ պարբերաբար ձեռքի մեկ շարժումով թույլ է տալիս մեր երկրում բարձրացնել էլէներգիայի, ջրի, գազի սակագները: Եւ, ահա, Վրեժ Կիրակոսյանի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 4 մլն 500 հազ. դրամ եւ 15 հազար դոլար: Նա նախորդ տարվա ընթացքում տրված փոխառություններից՝ վարկից, ստացել է 1 մլն 610 հազար դրամի չափով տոկոսներ: Իսկ ստացած փոխառությունը՝ վարկը, կազմել է 14.5 մլն դրամ: ՀԾԿՀ-ի նախագահի տեղակալի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ Կիրակոսյանի ամսական աշխատավարձը կազմել է 783 հազար դրամ: ՀԾԿՀ նախագահի տեղակալի կինը եւս պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ եւ 6 հազար դոլար: Նա նույնպես անցած տարվա ընթացքում փոխառություն է ստացել, որն ընդհանուր կազմել է 12 մլն 400 հազար դրամ եւ 30 հազար դոլար:

 

ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ալյուրի արտադրության ծավալները նվազել են 23.3 տկոսով: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ալյուրի արտադրությունը ոչ միայն չէր նվազել, այլ նաեւ աճել էր 56.5 տոկոսով: Կրկին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մակարոնեղենի արտադրության ծավալներն այս տարի նվազել են 34.7 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ մակարոնեղենի արտադրության ծավալները եւս անցած տարի նույն ժամանակահատվածում աճել էին 10.2 տոկոս: Ենթադրվում է, որ ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը պատրաստի ալյուրի ներկրումն է: Իսկ մակարոնեղենի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ:




Լրահոս