ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին հայացքից Հայաստանի քաղաքական դաշտում անդորր է, սակայն մյուս կողմից ամեն օր ինչ-որ տվյալ կամ տեղեկություն է տարածվում, որն ուղղակի վկայում է ներիշխանական խմորումների մասին:

Դեռեւս ապրիլի կեսերից իշխանական կուլիսներում բոլորը խոսում են մոտալուտ ինչ-որ փոփոխությունների մասին: Մի պահ նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց մասնավոր զրույցներում հավաստիացնում էին, որ Կառավարության փոփոխության հարցն արդեն վճռված է: Սպասվող փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունների հիմքում ընկած է այն օբյեկտիվ ճշմարտությունը, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական եւ դրանով պայմանավորված սոցիալական պայմաններում իշխանությունները պարտադրված են գնալ փոփոխությունների՝ թեկուզ կոսմետիկ եւ ձեւական:
Սակայն ժամանակն անցնում է, եւ քաղաքական դաշտում տեսանելի փոփոխություններ, կարծես թե, տեղի չեն ունենում: Մյուս կողմից էլ Կառավարության՝ մայիսի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոխորտանքը՝ հասցեագրված իր մոտալուտ տապալումը սպասող քաղաքական գործիչներին, նրա դիրքերի ամրապնդման վկայությունն է: Նման պայմաններում, թվում է, թե մենք պետք է ականատես լինենք իշխանական դաշտում համընդհանուր լճացման: Սակայն ամեն մի քննադատությունից հետո պաշտոնյաների ջղաձգումները վկայում են, որ իշխանության ներսում ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել հրապարակային գործունեությամբ եւ նա մշտապես նախընտրել է ստվերային կամ, այսպես կոչված, կուլիսային գործելաոճը: Բոլոր հարցերը կուլիսներում լուծելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր իշխանական բուրգում ամեն ինչ կայուն է, եւ ոչ ոք անհանգստանալու կարիք չունի: Սակայն իրավիճակն իրականում, մեղմ ասած, հանգիստ չէ: Նախ՝ տնտեսական վիճակը գնալով ավելի է վատանում, եւ ակնհայտ է, որ վաղ թե ուշ պաշտոնյաներից ոմանք դառնալու են քավության նոխազ: Ուստի բոլորի համար հարցերի հարցն այն է, թե երբ է գալու «ճտերը հաշվելու» ժամանակը: «Ճտերը հաշվում են աշնանը» ժողովրդական խոսքն այս դեպքում զարգացումների ոչ միայն բնույթն է լիարժեք բնորոշում, այլ նաեւ ժամկետները:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը փաստացի թեւակոխել է վերջնական փուլ: Մինչ իշխանությունները կհրապարակեն սահմանադրական փոփոխությունների տեքստը եւ գործընթացի վերջնական փուլին պաշտոնական եւ հրապարակային մեկնարկ կտան, կուլիսներում այն վաղուց սկսվել է: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն աշնանը, բայց իշխանական բուրգի ներկայացուցիչներից ամեն մեկը մինչ այդ պետք է հստակեցնի, թե ինքն ինչ պարտավորություն է պատրաստ ստանձնել: Ըստ այդմ էլ որոշվելու է, թե ով կշարունակի պաշտոնավարել, իսկ ով կգնա նախագահական` խորհրդական աշխատելու:
Ներիշխանական զարգացումների տեսանկյունից բավական ուշագրավ է իշխանական բուրգի, այսպես կոչված, երիտասարդ, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեւի վիճակը: Վաղուց հայտնի է, որ այս թեւի ներկայացուցիչները գտնվում են երկարատեւ սպասողական վիճակում: Բայց եթե նախկինում նրանց մոտ կարելի էր ինչ-որ անվստահության նշաններ նկատել, ապա վերջին երկու-երեք ամիսներին նրանց պահվածքը եւս դարձել է ինքնավստահ: Միքայել Մինասյանի թիմը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ սկսվի իշխանական համակարգի վերաձեւման գործընթացը, գալու է իրենց աստեղային ժամը, եւ աստիճանաբար իրենք են դառնալու իրավիճակի վերահսկողը:
Այլ կերպ ասած՝ իշխանական բուրգի բոլոր անդամները՝ մեծ թե փոքր, արդեն իսկ համոզվել են, որ սահմանադրական փոփոխություններից հետո լուրջ վերադասավորումներ են տեղի ունենալու: Ավելին՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո իշխանական նոր բուրգ է կազմավորվելու, որը պետք է առաջիկա առնվազն հինգ տարիներին իր ձեռքում պահի Հայաստանի իշխանությունը:
Իրավիճակի ինտրիգը, սակայն, այն է, որ բոլորը գիտեն կամ կռահում են, թե ինչ է լինելու, բայց չգիտեն, թե ինչպես է դա տեղի ունենալու, եւ իրենք սահմանադրական փոփոխությունները «անցկացնելուց» բացի՝ էլ ինչ պետք է անեն, որպեսզի լուսանցքում չհայտնվեն: Հենց այս անորոշությունն է հայրենի պաշտոնյաներին համակած համընդհանուր լարվածության պատճառը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով նախկին բարձրաստիճան ոստիկաններին պաշտոնազանցության մեջ մեղադրելու պատմությունն ինչ-որ առումով ուղերձ է բոլոր պաշտոնյաներին, որպեսզի նրանք անորոշությունից եւ ջղաձգումներից դրդված «սխալ» քայլեր չանեն եւ գիտակցեն, որ ոչինչ չի մոռացվում, եւ իրենց համար էլ կասեցված քրգործ կգտնվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԽՈՍՏԱՑԵԼ Է
ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը: ԼՂՀ ՊԲ նախարարը լրագրողներից եւս թաքցնում է այդ տեղեկությունը եւ խուսափում է կոնկրետ պատասխանելուց, երբ նրանից փորձում են պարզել, թե, ի վերջո, ինքը «տեղափոխվո՞ւմ» է Հայաստան, թե՞ ոչ: «Ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ Հայաստանում աշխատելու»,- լավագույն դեպքում այսպես է պատասխանում նա:

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԼԻՆԻ
Այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շատ «թեժ» աշխատանքային մթնոլորտ է. արցախցիները մեծից փոքր դաշտերում են: Նրանք զբաղված են գարու եւ ցորենի բերքահավաքով, որն ըստ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այս տարի աննախադեպ առատ է: Վարչապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նման առատությամբ բերք որեւէ տարի չի եղել, ինչի համար իրենք այս օրերին լարված աշխատում են, որպեսզի շատ լավ արդյունք արձանագրեն: «Աննախադեպ բերք է սպասվում, եթե կարողանանք անկորուստ բերքը հավաքել, Արցախի պատմության մեջ ռեկորդային բերք ենք արձանագրելու: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հրդեհ չլինի, եղանակային պայմանները չխանգարեն մեր գործերին»,- հայտարարեց ԼՂՀ վարչապետը:

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՆ ՎԱՐՁԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, վերջին շրջանում սկսել է լրջորեն զբաղվել իր իմիջով: Ըստ նույն տեղեկությունների՝ նախարարի կինը հատուկ մասնագետներ է վարձել, որոնք նրան խորհուրդ են տալիս, թե ինչպես իրեն դրսեւորի այս կամ այն իրավիճակում, ինչպես պատասխանի հարցադրումներին եւ այլն: Ըստ լուրերի՝ քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիմումին, Ռուզաննա Խաչատրյանն այդ ընթացքում փորձում է հնարավորինս սահմանափակել իր շփումները` ձգտելով նաեւ հեռախոսազանգերին չպատասխանել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց նրա հետ կապվել: Ի դեպ, վերջին շրջանում Ա. Հովհաննիսյանը հնարավորինս խուսափում է լրագրողների հետ շփումից եւ հարցերին պատասխանելուց, ինչը, սակայն, նրա պաշտոնեական պարտականությունն է: Փոխարենը ակտիվորեն տարածում է Պնախարարի կնոջ գրառումները համացանցում:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նա Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի հոգեւոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին ուղեկցությամբ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի: Հանդիպման ժամանակ Վեհափառը անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Իր հերթին Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը փաստել է, որ երկու երկրների միջեւ կրոնական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեցտարի առավել զարգանում են:

 

ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Կրեմլում ուշադիր ուսումնասիրում են ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահի զեկույցը, որտեղ Վաշինգտոնը դիտարկում է Ասիայում կամ Եվրոպայում հրթիռների տեղակայման հնարավորությունը՝ ուղղված ռուսական միջուկային պոտենցիալի դեմ: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք ԶԼՄ-ների այդ հաղորդագրություններին»,- հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
ԱՄՆ-ի դեսպանատունը որոշել է դադարեցնել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում՝ GIPA-ում (Georgian Institute of Public Affairs), հայ ուսանողների կրթության ֆինանսավորումը։ Սա նշանակում է, որ հայաստանցի ուսանողներն այլեւս հնարավորություն չեն ունենա անվճար կերպով Վրաստանում մուլտիմեդիա լրագրություն եւ մեդիա կառավարում ուսանել: Նշենք, որ 2003 թվականից ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանից մոտ 60 ուսանող է ուսանել GIPA-ում։ Այսուհետեւ, սակայն, նույն կրթությունը ստանալու համար հայ ուսանողները պետք է վճարեն 3200 դոլար: Այս կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից «Ազատությանը» փոխանցել են, որ սա որեւէ առնչություն չունի իրականացված ծրագրի որակի կամ հայ-ամերիկյան հարաբերության ամրության հետ:

 

ՀԱՆՑԱՆՔԻ ԱՐՄԱՏԸ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի իրականացրած թալանին, հիշեցրել է, որ այդ ընկերությունն է դարձել «Միասնություն» դաշինքի փլուզման պատճառը: «Ինչի էր պետք ժամանակին բաշխիչ ցանցը վաճառել օֆշորային ընկերության, որն էլ թանկ գներով այն վաճառեր ռուսական ընկերության։ Այդ ժամանակ ՀԺԿ-ն հստակ դեմ էր արտահայտվում, եւ դրա պատճառով լուրջ խնդիրներ առաջացան «Միասնություն» դաշինքում։ Դա էր դաշինքի փլուզման պատճառներից մեկը»,- ասել է Դեմիրճյանը:




Լրահոս