ԱՆԱՍՆԱԿԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՈՒՆՆ Է ՄՈՐԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերում կաթի իրացման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային հարց. կաթ վերամշակող ընկերությունները հրաժարվում են բարձր գնով այն մթերել, իսկ գյուղացիներն էլ չեն ցանկանում ցածր գնով կաթ վաճառել: Արդյունքում անելանելի դրության մեջ հայտնված գյուղացիները ստիպված սկսել են իրենց անասունները մորթել, որպեսզի կարողանան ընտանիք կերակրել:

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր մարզերի գյուղերի բնակիչներից ահազանգեր է ստանում՝ կապված կաթի իրացման հետ: Նշենք, որ այս խնդիրն առկա է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերում: Բանն այն է, որ կաթ վերամշակող ընկերությունները հրաժարվում են գյուղացիներից բարձր գնով կաթ մթերել, իսկ վերջիններս էլ հրաժարվում են էժան գնով կաթ վաճառել: Մի կողմից՝ կաթի իրացման հետ կապված խնդիրն է, իսկ մյուս կողմից՝ թանկ անասնակերը: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Գեղաձոր, Գեղադիր եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Սոթք գյուղերի բնակիչներն անելանելի դրությունից դուրս գալու նպատակով պատրաստվում են մորթել իրենց անասունները:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում»-ը նույնպես այս օրերին կաթի իրացման խնդրի շուրջ դժգոհություններ է ստացել գյուղացիներից եւ ֆերմերներից: «Խնդիրն առկա է հատկապես Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղերի ֆերմերների մոտ: Օրինակ՝ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում ունենք 4-5 խոշոր ֆերմեր, ովքեր 50-100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն, եւ ամեն մեկը մոտ տասը գլուխ կով է մորթել, որպեսզի կարողանա այս ամսվա ընթացքում անասնակեր հայթայթել ու իր աշխատողներին վճարել: Վիճակը, իրոք, շատ ծանր է»,- ափսոսանքով նկատեց ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Բարեբախտաբար, որոշ գյուղերում, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, կաթի իրացման հետ կապված խնդիրը կարծես թե լուծում է ստանում: «Ժողովուրդ»-ը Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանից տեղեկացավ, որ այս գործում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է միջամտել: «Մարզպետը հանդիպել է կաթ մթերող ընկերության ներկայացուցչի հետ եւ պայմանավորվել մեր գյուղում մթերման կետ ստեղծելու մասին: Իսկ գյուղապետարանը տարածք կհատկացնի, որտեղ տվյալ ընկերությունը կտեղադրի սառնարան եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ»,- լրացրեց Շահսուվարյանը:
Գյուղապետի խոսքերով՝ նախնական պայմանավորվածություն կա գյուղացիների եւ ընկերության ներկայացուցչի միջեւ, ըստ որի՝ կաթը կմթերեն 110-120 դրամով: «Բայց յուղայնության տոկոսներն այնքան ցածր են կազմում, որ կաթի գինն ավտոմատ իջնում է: Ասվում է, որ մթերվում է 120 դրամով, բայց իրականում, այդ տոկոսները հանած, 80-90 դրամ է դառնում»,- բացատրեց Սոթքի գյուղապետը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ այս տարի անասնակերը աննախադեպ թանկ գնով է վաճառվել. այս տարեսկզբին 1 կապն արժեցել է 1300-1400 դրամ, մինչդեռ նախորդ տարվա վերջին այն 1100 դրամ էր :
Եթե Սոթքում այս խնդիրը կարգավորման ճանապարհին է, ապա Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդում հույս չկա, որ վիճակը երբեւէ կկարգավորվի: Այս գյուղի բնակիչ Մովսես Խամոյանն արդեն 12 տարի է, ինչ անասնապահությամբ է զբաղվում: Վերին Բազմաբերդի փորձառու ֆերմերը օրական 300-400 լիտր վաճառքի կաթ է ունենում: Սակայն այս օրերին նա, ինչպես շատ անասնապահներ, կանգնած է կաթի իրացման խնդրի առաջ: «Կաթի գինն իջեցրել են մինչեւ 110-100 դրամ: Մի անհատ ձեռներեց կա, ում երեք տարի է, ինչ կաթ ենք հանձնում: Բայց հիմա անհասկանալի իրավիճակ է ստեղծվել գյուղում. կա՛մ հրաժարվում են կաթ ընդունել, կա՛մ էլ մթերում են, բայց գումարներն են ուշացնում: Ամբողջ ընտանիքով զբաղվում ենք այս գործով, բայց ոչ մի գրամ եկամուտ չունենք: Ճար չկա, ստիպված իրենց առաջարկած գնով ենք հանձնում»,- ներկայացրեց Խամոյանը: Ի դեպ, վերջինս մայիսի մթերած կաթի գումարը դեռ չի ստացել: Ֆերմերի խոսքով` նախորդ տարի այս ժամանակահատվածում կաթի մթերման բարձր գինը երկար ժամանակ պահպանվեց:
«Անասուն պահելն այլեւս ձեռնտու չէ: Ահա, տեսեք՝ մեկ լիտր ջուրը խանութներում վաճառում են 350-400 դրամ, իսկ մեկ լիտր կաթի համար առաջարկում են 80 դրամ: Իսկ եթե հիմա փորձենք անասուն մորթել, ապա միս գնող էլ չի գտնվի»,- նեղսրտեց Խամոյանը: Նշենք, որ Վերին Բազմաբերդում կան գյուղացիներ, որոնք տնային պայմաններում պանիր են պատրաստում եւ տարբեր գյուղերում ապառիկ եղանակով փորձում վաճառել:
Տեղեկանալու համար, թե այս խնդրի կարգավորման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում, «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ: «Այս օրերին վերամշակող ընկերությունները կաթը գյուղացուց մթերում են 130 դրամով, սակայն կան միջնորդ ընկերություններ, որոնք կաթը գյուղացուց վերցնում են ավելի էժան գնով եւ իրենք են հանձնում գործարաններին: Խնդիրը միջնորդների հետ է կապված: Այսօր 130 դրամից ցածր գնով կաթ ընդունող, վերամշակող ընկերություն չկա: Միայն տվյալ ընկերությունների աշխատողները, ովքեր կաթը գյուղացուց հավաքում են ու տանում գործարան, այս դեպքում կարող է՝ 10-15 դրամի տարբերություն տա: Ճանապարհածախսի խնդիր կա: Գյուղացին չպետք է միջնորդներին կաթ տա: Միջնորդ կազմակերպություններն են ցածր գին առաջարկում»,- պարզաբանեց Բաղիյանը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք փոխնախարարը տեղյա՞կ է, որ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի ֆերմերներն իրենց անասունների մի մասը ստիպված մորթում են, որպեսզի անասնակեր գնեն եւ աշխատող պահեն: Ի պատասխան, սակայն, Բաղիյանը վստահեցրեց. «Այսօր անասունների մորթի այդպիսի մասսայական դեպք չկա: Կաթի իրացման խնդրի հետ կապված անասունների սպանդ չկա»:

 

 

 

 
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՏՆԵՏՈՒՆ ՊՏՏՎԵԼՈՎ՝ ՁԱՅՆ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 7-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Պողոսյանը, դաշնակցական Միքայել Նալբանդյանը եւ Էդվարդ Ասլանյանը:

Կայանալիք ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, գեղհովիտցիները պատմում են, որ այս ընթացքում գյուղում նախընտրական մթնոլորտը լարված է: Դուք ի՞նչ կասեք:
-Ամեն ինչ շատ հանգիստ է գյուղում: Լարվածություն չկա: Երկու թեկնածուներն էլ մեր գյուղի տղաներ են, իրար ճանաչում ենք, հանգիստ, կազմակերպված են, ամեն մեկն իր ճանապարհով է: Մենք իրար ճանաչում ենք, ընկերներ, հարեւաններ ենք:
-Այդ դեպքում, ինչո՞ւ են Ձեր ընկերները, հարեւանները իրենց թեկնածությունն առաջադրել Ձեր դեմ:
-Հիմա ի՞նչ անենք, որ այդ մարդիկ էլ են ցանկանում գյուղապետ դառնալ:
-Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք: Վստա՞հ եք, որ վերընտրվելու եք:
-Վստահ եմ, 10 հազար տոկոս վստահ եմ: Անցնելու եմ ու բարձր ձայներ էլ հավաքելու եմ:
-Այդպես ինչի՞ վրա եք վստահ:
-Ես շատ աշխատանքներ եմ իրականացրել գյուղում: Մինչ իմ գյուղապետ ընտրվելն այս գյուղում ոչ մի աշխատանք կատարված չէր: Իսկ իմ պաշտոնավարման ընթացքում դրական փոփոխություններ են եղել գյուղում:
-Ձեր թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, իսկ մրցակիցներից մեկը՝ Միքայել Նալբանդյանը, դաշնակցական է…
-Նա դաշնակցական է, բայց դա չի նշանակում, որ իրեն իր կուսակցությունն է առաջադրել: Նա ինքնառաջադրվել է:
-Տեղյա՞կ եք, թե Ձեր մրցակիցներն ինչպես են համոզում բնակիչներին, որ իրենց ձայն տան:
-Մանրամասն չգիտեմ, թե ինչպես են համոզում, բայց որ երեկոները տնետուն են պտտվում, դա հաստատ է: Բայց թե կոնկրետ ինչ են ասում գյուղացիներին, տեղյակ չեմ:
-Իսկ դուք տնետուն չե՞ք պտտվում: Դուք ինչպե՞ս եք համոզում:
-Ես մտնեմ՝ ի՞նչ ասեմ: Ասե՞մ՝ ինձ ձայն տվեք: Խելքս չի կտրում, որ մեր գյուղի ժողովուրդը կխաբնվի նման մարդկանց խոստումներին:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Մտավորականների խորհուրդ» հասարակական կառույցը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Կառավարության անդամներին
…Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իրական առաջընթացի բացակայությունն օրվա հրամայական է դարձրել Հայաստանի Կառավարության ծրագրային մոտեցումների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնելու հարցը: Մասնավորապես առաջարկում ենք համատեղ քննարկել հետեւյալ գերակա խնդիրները.
1. Որքանով են նպատակին ծառայում ստացված փոխառությունները, որո՞նք են դրանց մարման աղբյուրները, արդյո՞ք մշակված են տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը արդյունավետ է դարձնում վարկային ծրագրերը:
2. Որո՞նք են սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման այն ուղղությունները, որոնց օգնությամբ հնարավոր է կանխել տնտեսության անկումը եւ հաղթահարել սոցիալական բեւեռացումը:
3. Աղքատության հաղթահարման ինչպիսի՞ իրական ծրագիր է իրականացվում երկրում այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով աղքատության շեմին եւ դրանից ցածր մակարդակի վրա է գտնվում մեր բնակչության ավելի քան մեկ երրորդը:
4. Ինչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Կառավարությունը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների աճը կանխելու նպատակով: Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի սակագների չհիմնավորված բարձր մակարդակի եւ գերածախսերի, ինչպես նաեւ՝ դրանցով պայմանավորված տնտեսական եւ սոցիալական վնասների համար:
5. Ինչ քայլեր են նախատեսվում՝ կանխելու գյուղական բնակավայրերի ամայացումը եւ առավել մեծ չափերի հասնող արտագաղթը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության իրավունքն է՝ լինել իրազեկված եւ իր մասնակցությունն ու աջակցությունը բերել սոցիալ-տնտեսական քաղաքականությանն ու կենսական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, իսկ իշխանությունների պարտքն է աշխատել թափանցիկ եւ իրազեկել իրականացվող քայլերի մասին, հրավիրում ենք հանրապետության վարչապետին վերը նշված խնդիրների շուրջ բաց քննարկման, որն առաջարկում ենք կազմակերպել հունիս ամսվա ընթացքում:
Մտավորականների խորհրդի անդամներ՝
Ֆերդինանդ Առաքելյան (քանդակագործ)
Ռոլանդ Ավետիսյան (քիմիական գիտ. թեկնածու)
Իգոր Բագիրյան (տնտեսական եւ ֆինանսական անվտանգության փորձագետ)
Ռուբեն Բարենց (Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ)
Արման Բոշյան (Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ)
Կարինե Դանիելյան (աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Ազատ Եղիազարյան (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Նիկիտա Զարոբյան (տեխ. գիտ. թեկնածու)
Վահան Համազասպյան (Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտ. դոկ.)
Գագիկ Հարությունյան («ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն)
Արմեն Հովսեփյան (պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)
Թաթուլ Մանասերյան (տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Ջուլիետա Մարտիրոսյան («Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր)
Բենիամին Միրզոյան (տնտեսագետ, պրոֆեսոր)
Արման Նավասարդյան (արտակարգ ու լիազոր դեսպան)
Արամ Սարգսյան (ՀԴԿ նախագահ, «Ազգային կենտրոն» ՀԿ ղեկավար)
Կարին Տոնոյան (լրագրող, հաղորդավար)




Լրահոս