«Մեկը մյուսի մոր կաթը խմած» վաղեմի ընկերների վիճաբանության դժբախտ ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ օրերս Արմավիրում դանակահարություն է տեղի ունեցել: Մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ստամոքսի պատի արտանկում»:
Ավելի ուշ պարզվել է, որ մայիսի 25-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Հ.-ին դանակով հարվածել է 49-ամյա Դավիթ Մնացականյանը, ով բերման է ենթարկվել բաժին: Դավիթ Մնացականյանը ձերբակալված է:

Armlur.am-ի հետ զրույցում Նալբանդյան համայնքի ղեկավար Գևորգ Մկրտչյանը հայտնեց, որ դանակահարության մասնակիցները վաղեմի մտերիմ ընկերներ են, իսկ տեղի ունեցածը պատահականության արդյունք է. «Հիմա էլ գնում-գալիս են մեկը մյուսի տուն: Ուրախ, ընկերական մթնոլորտ է: Մատաղ են արել, որ վատ բան տեղի չի ունեցել: Ուղղակի կարտ խաղալուց են եղել, իրար չեն հասկացել ու վիճաբանել են»:

Համայնքի ղեկավարի խոսքով, իրականում դանակահարություն չի եղել, մի փոքր քերծվածք է եղել: Ավելին, տուժող Դավիթը բուժօգնության դիմել չի ցանկացել. ամաչել է, թե մարդիկ ի՞նչ կասեն: Հարազատների տևական հորդորներից հետո միայն «իր ոտքով ու իր ուժերով» գնացել է բժշկական կենտրոն. «Լուրջ, քերոփական խոսակցություն չէր էլ կարող լինել: Արդեն ասացի, որ նրանք մտերիմ ընկերներ են: Մեկը մյուսի մոր կաթը խմել է, ի՞նչ տարաձայնության մասին է խոսքը»:

Նշենք, որ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս