Լայնացվում և հիմնանորոգվում է Մեղրու լեռնանցքով անցնող միջպետական ճանապարհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջպետական ճանապարհի (Մ2)` Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում, ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգման համար այս ճանապարհահատվածի ընտրությունը պատահական չէ։

Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, դրա վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր, այն ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:

ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին:

Մեղրեցի ճանապարհաշինարարների գործը «եռում է» վաղ առավոտից մինչ մութն ընկնելը: Ամռան տաք օրերն այստեղ կարճ են տևում, աշխատանքները պետք է կատարվեն արագ:

«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաև՝ ձյան և կարկուտի տեսքով։

«Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծում է Ա. Գասպարյանը, ապա տեղեկացնում, որ հիմնանորոգումից հետո Ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի։

Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքևի մասում կառուցվում է նաև հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների և ուղևորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը՝ կառուցումից հետո կդառնա 11-12 մետր»,- մանրամասնում է Ա. Գասպարյանը։

Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի և մուտքերի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետևում էր աշխատանքների ընթացքին և որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը նշեց, որ Ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված էին հողով, վնասված էին գլխամասերը, քայքայված էին մուտքերը, ելքերը, ամրացումները։

Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա Ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:

Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ կապահովի ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը:

Ընկերությունն ունի նաև գործարան, որտեղ տեղի է ունենում ասֆալտի արտադրման ավտոմատացված գործընթացը: 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող գործարանն այսօր աշխատանքով ապահովում է 100 մարդու՝ իրականացնելով ճանապարհների հիմնանորոգում և պահպանում, քաղաքացիական և ռազմական նշանակության օբյեկտների շինարարություն, խճաքարի, բետոնի, ասֆալտբետոնի, երկաթբետոնե կառուցվածքների արտադրություն, օգտակար հանածոների մշակում:

Ի դեպ, «Մեղրու ճանապարհների շահագործման և շինարարության ձեռնարկություն» (ՃՇՇՁ) ՍՊ ընկերությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ունեցած հաջողությունների համար այս տարվա մարտին ՀՀ կառավարության կողմից արժանացել է մրցանակի:

Ազատ Գասպարյանը, ով ընկերության ղեկավարն է արդեն 19 տարի, նշում է, որ իրենց առաջնային գործն ու առաքելությունը՝ ամառ թե ձմեռ այս ճանապարհահատվածում անվտանգ երթևեկություն ապահովելն է:

«Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհի շահագործմանը, առավել ևս՝ ձմեռային պահպանության ընթացքում: Ձմեռը շատ խիստ է լինում լեռնանցքում: Պատահում է՝ օրերով բուք է լինում, ձյուն է լինում, բայց սահմանված հերթապահության շնորհիվ, հագեցված տեխնիկայի ու անհրաժեշտ չափով կուտակված աղ-ավազի շնորհիվ թույլ չենք տալիս, որ ճանապարհահատվածը թեկուզ մեկ ժամ դառնա ոչ երթևեկելի»:

Ճանշինի կողմից տեղադրված շինարարական աշխատանքների մասին զգուշացնող նշանները երկու-երեք ամսից կփոխարինվեն ճանապարհային այլ նշաններով, կավելացվեն մետաղական արգելափակոցները:

Միջպետական այս ճանապարհահատվածով երթևեկող վարորդներն էլ հնարավորություն կունենան ճանապարհային փոսերը շրջանցելու փոխարեն հիանալ ճանապարհամերձ բարձունքների գեղեցկությամբ՝ չմոռանալով անվտանգ երթևեկության մասին:




Լրահոս