Գայլերի հարձակումից տուժած քաղաքացին փոխհատուցում կստանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա գայլերի հարձակում է եղել, ինչի հետեւանքով նա մեծ վնասներ է կրել:

Իսկ մինչ այդ՝ մեկ օր առաջ, գայլերը հարձակվել էին Սոթքի բնակիչ Սմբատ Ստամբուլցյանի 6 ոչխարների վրա, որոնցից 3-ը հոշոտվել եւ սատկել էին, իսկ մյուս 3-ը՝ վիրավորվել: Բոլոր 6 ոչխարները մորթվել էին, իսկ միսը տրվել էր շներին: Նշենք, որ Սոթքի գյուղապետարանն իր միջոցներով գնել է 5 ոչխար եւ տվել Ստամբուլցյանին: Իսկ, ահա, երեկ գայլերը հարձակում են գործել Սոթքում բնակվող Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել 62 ոչխար:

«Ժողովուրդ»-ը զրուցեց գայլերի հարձակումից տուժած քաղաքացու՝ Ռուդիկ Բադալյանի հետ. «Ես որպես մենատնտես «Ֆինքա» եւ «Կամուրջ» վարկային կազմակերպություններից գումար եմ վերցրել՝ 4 մլն 400 հազար դրամ, որով 100 ոչխար եմ գնել: Ու այսօր հայտնվել եմ նման անելանելի դրության մեջ: Այս պահին օգնության ձեռք մեկնող դեռ չի եղել: Հիմա ինչ եմ անելու, ինչպես եմ այս իրավիճակից դուրս գալու, չգիտեմ»,- հուսահատված նկատեց Բադալյանը:

Տեղեկացանք, որ գայլերի հարձակումից նման խոշոր կորուստներ կրած անասնապահը վնասի փոխհատուցման խնդրանքով դիմել է Սոթքի գյուղապետարան, սակայն նրա խնդրանքը մերժել են` պատճառաբանելով, որ նա Սոթքի բնակիչ չէ, այլ Վարդենիսի: Հետեւաբար իր ոչխարներն էլ գրանցված են Վարդենիսի բազայում: «Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես է լուծվելու: Դեռ ոչ մի արձագանք չկա: Գյուղապետին խնդրել եմ, տեղ է հատկացրել, փոս եմ փորել ու այդ ոչխարներին հողով ծածկել եմ»,- ներկայացրեց տուժած քաղաքացին:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե վերջինս ինչ քայլեր է ձեռնարկուm քաղաքացուն օգնելու ուղղությամբ: «Մենք հիմա կանոնակարգում ենք այդ աշխատանքները: Մարզպետի հետ ենք զրուցել: Մասնագետները շուտով կգնան, կնայեն, կուսումնասիրեն եւ կհասկանան, թե տվյալ քաղաքացին ինչ չափի վնաս է կրել: Ըստ դրա էլ մենք կկարողանանք փոխհատուցում տալ»,- փոխանցեց քաղաքապետը:

«Ժողովուրդ»-ը կհետեւի այս պատմությանը եւ կտեղեկացնի՝ օգնե՞լ են քաղաքացուն, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս