ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՍՈՂԱԼՈՒ
2013թ. պետական բյուջեի նախագծին ԱԺ 6 խմբակցություններից 4-ը պատրաստվում են դեմ քվեարկել. միայն ՀՀԿ-ն ու նրա կցորդը դարձած ՕԵԿ-ն են կողմ քվեարկելու այդ նախագծին, մինչդեռ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգություն»-ը դեմ կքվեարկեն: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն երեկ այդ մասին արդեն հայտարարեցին բացահայտ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 2013թ. բյուջեն որակեց որպես սողալու բյուջե. «2012 թվականի բյուջեն որակեցինք որպես գոյատեւման բյուջե, իսկ ամենամեծ երեւակայության դեպքում այս տարվա բյուջեն անգամ գոյատեւման բյուջե որակել հնարավոր չէ, սա սողալու բյուջե է, այսինքն՝ այս բյուջեով ՀՀ քաղաքացին կարող է լավագույն դեպքում սողալ, եթե ԵՄ գոտում այսինչ ցնցումը չլինի, ՌԴ-ում այնինչ ցնցումը չլինի»: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնագիտորեն բյուջեն վերլուծելուց հետո նշեց. «Քիչ ա մնում ցխկվենք: Ի վերջո, չի կարելի մեզ վախացնել ձեր մուսկուլների ճռճռոցով»: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Պարո՛ն Բագրատյան, պետք չէ ցխկվել, Դուք մեզ պետք եք»: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ 2013թ. պետական բյուջեն որակեց «հավասարակշռված ու իրատեսական բյուջե»:
ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ԶՐՈՅԱՑՐԵԼ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր վարչապետության շրջանում Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կոնֆլիկտին: Նա մասնավորապես նշել է, որ հակասությունը հատկապես սրվել է` կապված ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարների նշանակման հետ. «Ես ասում էի, որ Սահմանադրությամբ գրված է, որ վարչապետն է առաջարկում, նախագահը նշանակում է: Ես պետք է առաջարկեմ, Դուք պիտի ընտրեք, թեկուզ 100-ն առաջարկեմ, բայց իմ առաջարկածից Դուք պիտի ընտրեք: Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ո՛չ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ պաշտոնները նշանակել է նախագահը՝ ինքնուրույն, միանձնյա, այդպես է եղել նաեւ եղբորդ ժամանակով: Խնդիրը հասավ նրան, որ այդ գործընթացին միջամտեց նախ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հետո՝ վեհափառ հայրապետ Գարեգին 2-րդ կաթողիկոսը, հետո բանը հասավ իմ շատ սիրելի վարպետին՝ Հրանտ Մաթեւոսյանին, որից հետո ես համաձայնեցի այդ պրոբլեմը լուծել այսպես. Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց յուրաքանչյուր պոստի համար 3-ական թեկնածու, ես այդ 3-ից ընտրեցի մեկին: Այդպես Հայկ Հարությունյանը եւ Կառլոս Պետրոսյանը դարձան նախարարներ: Դրանից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը վերցրեց եւ այդ երկու նախարարությունները որպես այդպիսին վերացրեց՝ դարձնելով վարչություն եւ հանելով դրանք կառավարության կազմից, որ նախագահը ինքը առանց վարչապետի տեսակետի նշանակի եւ ազատի մարդկանց: Հիմա պատկերացրե՛ք վարչապետ, որը չունի ուժային լծակներ: Այդ վարչապետի գործոնը հենց Ռոբերտ Քոչարյանն ինքն է զրոյացրել»:
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը NEWS.am-ին ասել է, որ մինչեւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հայրական տան վրա կատարված հարձակումը նրանց ընտանիքի հասցեին բանավոր սպառնալիքներ էլ են հնչել: Նա, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: