ԱՆՈՒՆԸ ՀԵՐԻՔ Է
Գյումրու թիվ 35 ԸԸՀ-ում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը վստահ է, որ հաղթելու է, քանի որ իր մրցակիցը ասոցացվում է Միքայել Մինասյանի հետ. «Ես անպայման հաղթելու եմ, որովհետեւ իմ մրցակիցը Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է: Իմ հանդիպումներին ինձ ասում են, որ միայն Սերժ Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի անունը բավական է, որ Արման Սահակյանն արդար ընտրություններում պարտվի: Ասում են` մեզ մոտ այդ անուններն անբարյացկամության եւ անհանդուրժողականության զգացում են առաջացնում»:
ԱՆԱՐԳԱՆՔԻ ՍՅՈՒՆԻՆ
ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին գամեց անարգանքի սյունին` հրապարակելով ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ Ս. Ալեքսանյանի դեմ ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովն իր վերջին նիստում որոշում էր կայացրել, որ Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները: «Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնների խախտում»,-ասաց Փաշինյանը: Նկատենք, որ էթիկայի հանձնաժողովի որոշումը որեւէ իրավական հետեւանք չունի, այլ բարոյական պատասխանատվության հարց է: Ի դեպ, ԱԺ-ում որոշումն ընթերցվեց Ս. Ալեքսանյանի բացակայությամբ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա այս օրերին արտերկրում է:
ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՀՎԱԾՔ
ՀՀ քաղաքացի Նանա Հովսեփյանին «Արմավիա» ավիաընկերությունն առաջարկել է երեք-չորս օր մնալ Թել Ավիվի օդանավակայանում կամ հյուրանոցում, մինչեւ որ հետաձգված չվերթի փոխարեն ընկերությունը նոր թռիչք կազմակերպի՝ միաժամանակ հրաժարվելով գոնե մասնակիորեն հատուցել քաղաքացու ծախսերը: Երեւան վերադառնալուց հետո էլ նրան ասել են, որ մի բան էլ պետք է շնորհակալ լինի, որ նախապես զգուշացվել է։ Այդ մասին Tert.am-ին հայտնել է Ն. Հովսեփյանը:
ՄԻ՛ ՔՐԴԱՑՐԵՔ
Եզդիների «Սինջար» հ/կ-ն դիմում-նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մտահոգություն է հայտնված դպրոցներում եզդիերենը քրդերենով փոխարինելու որոշման կապակցությամբ. «Այն, որ եզդիերենն ու քրդերի մի մասի խոսակցական լեզուն նման են, կարծում ենք՝ առիթ չէ դպրոցներից դուրս թողնել եզդիերենը եւ դասագրքերը, որտեղ նաեւ պատմվում է եզդի հերոսների մասին: Ուզում ենք հիշեցնել, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում է 1500 քուրդ եւ մոտ 50.000 եզդի»:
ԹՈՂԵԼ ԵՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԻ
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի զորամասից Վանաձորի զինվորական հոսպիտալ են տեղափոխել ժամկետային զինծառայողի, որտեղ կապել են նրա թեւի արյունահոսող վերքը: Զինվորը եղել է ձեռնաշղթաներով եւ հայտարարել, որ իր ձեռքը երկու օր արյունահոսել է, սակայն բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Կայքի աղբյուրներով՝ զինվորը դժբախտ սիրո պատճառով իրեն վնասել է, եւ նրան ձեռնաշղթաներ են հագցրել, որպեսզի ինքնասպան չլինի: