Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու և կատարված աշխատանքները գնահատելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ նախ այցելել է Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, շրջել հարկաբաժիններում և գնահատել է կրթօջախում իրականացված հիմնանորոգման աշխատանքները: Դեռևս 1949թ.-ին կառուցված մշակութային օջախն առաջին անգամ է ամբողջությամբ հիմնանորոգվել: Առանձնակի կարևորելով մշակութային օջախների նորոգմանն ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողական աշխատանքը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող միակ երաժշտական դպրոցը բոլորովին նոր հարմարություններով իր դռները կբացի սաների առջև: Քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ հիմնանորոգումը մշակութային օջախի դաշնամուրային, լարային, փողային և ազգային նվագարանների բաժիններ էին հաճախում 120 աշակերտ: Այսօր արդեն ակնկալվում է, որ սաների թիվը կհասնի շուրջ 150-ի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ կրթամշակութային օջախների նորոգման ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի բոլոր մշակութային օջախներում:
«Մայրաքաղաքի կրթամշակութային օջախների խնդիրների հետզհետե կարգավորումը մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում է, և այդ ուղղությամբ մենք վերջին տարիներին իրականացնում ենք նպատակային ծրագրեր: Մասնավորապես, Նորք-Մարաշի Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի շենքը, որն ավելի քան 65 տարվա պատմություն ունի, երբևէ չէր հիմնանորոգվել: Եվ առաջնահերթության կարգով մենք նախորդ տարվա հիմնանորոգման ծրագրում ներառեցինք նաև այս կրթօջախը, որն, ինչպես տեսնում եք, այսօր ամբողջովին հիմնանորոգված է: Կրթօջախը շուտով կհանձնենք Նորք-Մարաշի բնակիչներին, որպեսզի երեխաները կարողանան արդեն լիարժեք երաժշտական կրթություն ստանալ: Նաև նշեմ, որ մեր խնդիրը ոչ միայն կրթօջախների վերանորոգումն ու հիմնանորոգումն է, այլև գույքի թարմացումը, այդ թվում նաև երաժշտական նոր գործիքների ձեռքբերումը: Եվ այդ ուղղությամբ նույնպես վերջին տարիներին մենք կոնկրետ աշխատանքներ ենք տանում: Մոտ ժամանակներս այս կրթօջախում, ևս այդ խնդիրը կլուծենք և այն լիարժեք կշահագործվի»,- ընդգծել է քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, շրջել ու ծանոթացել է իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին: Պատասխանատուները քաղաքապետին են փոխանցել բնակիչների գոհունակությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Աջակցություն բուժհիմնարկներին» ծրագրով համաբուժարանին տրամադրված նոր բուժսարքավորումների համար, որոնք, նրանց հավաստմամբ, էապես բարելավել են մատուցվող ծառայությունների որակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները լինելու են շարունակական:
Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածք, ծանոթացել իրականացված ու ընթացող բարեկարգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում եկեղեցու հարակից տարածքը դարձել է հանգստի հարմարավետ գոտի՝ վարչական շրջանի բնակիչների համար: