ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է, եւ տնտեսվարողը կարող է շարունակել իր գործունեությունը: Սակայն այս շրջանում տուժել է «Չանախ» կաթնամթերքի ընկերությունը, քանի որ գնորդները չանախ պանրատեսակը շփոթել են այդ կաթնամթերքի ընկերության հետ:
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով պանրագործների դժգոհությանը, հայտարարեց. «Թույլ չենք տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի մեր ընտանիքների սեղաններին: Սա մեզ համար անթույլատրելի է, եւ որեւէ ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու: Հակառակը, մենք ավելի ենք խստացնելու հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ»:
Հիշեցնենք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պանրի արտադրությամբ զբաղվող 59 ընկերություններում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել էր սանիտարահիգիենիկ պայմանների, մակնշման եւ պահման խնդիրներ, իսկ 18-ի արտադրանքում` աղիքային ցուպիկի մանրէներ: Ստուգման արդյունքում ոչնչացվել էր շուրջ 5,5 տոննա պանիր: Խախտումներ թույլ տված ընկերություններն էլ ենթարկվել էին 10 մլն 450 հազար դրամ վարչական տուգանքի: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է, եւ տնտեսվարողները կարող են շարունակել իրենց գործունեությունը. «Սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք խախտված են եղել, վերացվել են, եւ այդ պատճառով էլ արգելանքը հանվել է»:
Այս առիթով զրուցեցինք Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանի հետ: «Ես էլ եմ ասում, բոլորս էլ դա ենք ասում, որ վատ սնունդ չպետք է դրվի մեր սեղաններին: Խնդիրն այն է, թե ինչպես անենք, որ այն իսկապես չլինի, այսինքն` վատորակը վերանա: Կասկածելի որակի ցանկացած սննդամթերք հնարավորին չափ պետք է քիչ լինի: Հասկանո՞ւմ եք, բոլորս խոսում ենք նույն բանի մասին, բայց համաձայնությունն ընդամենը մեթոդների մեջ է: Ամեն դեպքում, խնդիրը կարող է կրկնվել, որը ցանկալի չէ»,-նշեց նա:
Պանրագործի խոսքով՝ մենք պաշտպանված չենք աղիքային ցուպիկից: Նա բազմիցս առաջարկել է եւ շարունակում է առաջարկել, որ ՀՀ կառավարությունը համագործակցի տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ: «Ես այս եւ այլ պահանջներով դիմել եմ, բարձրաձայնել եմ, բայց երբեւէ ոչ մի արձագանք չեմ ստացել: Այս անգամ 18 է, մյուս անգամ կարող է լինել 3-ը: Այնքան լուրջ խնդիրներ կան: Ես չեմ ասում, թե ինչու են գնացել ստուգել, այլ ասում եմ՝ եղբա՛յր, պայմաննե՛ր ստեղծեք, իրար հետ նստենք, աշխատա՛նք կատարեք, դուք էլ քրտնեք, մենք էլ քրտնենք, անենք, որ ինչ-որ արդյունքի գանք: Հետո գնանք ստուգենք»,-պարզաբանեց Գիգոյանը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե այցելել է պանրի այն արտադրամասեր, որոնք վերջերս տուգանվեցին, եւ տեղեկացել է, թե ինչ պայմաններում են նրանք պանիր արտադրում, պատասխանեց. «Ո՛չ, ես նման լիազորություններ չունեմ: Ես առհասարակ հեռու եմ նման տեսչական միջոցներ ձեռնարկելուց: Ես ընդամենը նրանց շահերն եմ պաշտպանում, օգնում, բայց նման լուրջ հարցերում ո՞ր միությունը կարող է օգնել: Հասկանո՞ւմ եք, ես նրանց վրա կարող եմ զայրանալ կամ մեղադրել, բայց դա էլ չի աշխատում»:
«Չանախ» կաթնամթերքի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մտադիր է հեռուստատեսությամբ ելույթ ունենալ ու հայտարարել, որ չանախ պանրատեսակը կապ չունի «Չանախ» կաթնամթերքի ընկերության հետ: «Մարդիկ շփոթել են: Մեզ մոտ ստուգումներ անցկացվել են, եւ նման բան գոյություն չի ունեցել: Հայտարարել են, որ աղիքային ցուպիկ հայտնաբերվել է չանախ պանրատեսակի մեջ, բայց հաճախորդները չանախ բառը լսել են եւ իմացել, որ դա «Չանախ» կաթնամթերքն է: Վաճառք կա, բայց խուսափողները շատ են, ու դա զգացվում է»,-ասաց Ղ. Բունիաթյանը:
«Թամարա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այսօրվա շուկայում այնքան պանիր արտադրողներ կան, սակայն ոչ ոք չի ստուգում այդ ընկերությունների արտադրական պայմանները. «Ցավալին դա է»: Նրա խոսքով՝ աղիքային ցուպիկի հայտնաբերման միակ պատճառը սանիտարահիգիենիկ վատ պայմաններն են, այն բոլոր մթերքներում կա ու շատ տարածված միկրոբ է. «Նախ՝ գոյություն ունի նոսրացումների աստիճան, ինչքան նոսրացումը շատ է, այնքան աղիքային ցուպիկը չպետք է լինի, իսկ եթե այն լինում է, նշանակում է, որ արտադրվել է կեղտոտ պայմաններում: Աղիքային ցուպիկի պարունակությամբ որոշվում է, թե ինչքանով է տվյալ մթերքը մաքուր արտադրվում»:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Աղիքային ցուպիկի առկայությունը պանրի մեջ թույլ չի տալիս վաճառք իրականացնել արտաքին եւ ներքին շուկայում: Ստուգումներն իրականացվում են բոլոր ոլորտներում: Բայց մինչեւ արտահանելը մի քանի անգամ լաբորատոր փորձաքննության ենք ենթարկում պանիրը: Այլ հարց է, թե ինչպես է պետք անել որակյալ պանիր ապահովելու համար»:
ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆՔ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ