Երիտասարդ դերասանուհի ԱՆՆԱ ՊԱՆԻՆ 2006թ. ավարտել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Հիմա նկարահանվում է «Եզրագծից այն կողմ» սերիալում` Նարեի դերում: Հեռուստատեսային աշխատանքից զատ, 3 տարի էլ աշխատել է Կամերային թատրոնում:
-Հիմա Դուք ավելի շատ գործունեություն եք ծավալում էկրանին, քան թատրոնում, նկատել եմ նաեւ, որ նկարահանվել եք գովազդում, Ձեր լուսանկարը մի քանի ավտոբուսների վրա է…
-Ժամանակները փոխվել են, ամեն ինչ արագ է ընթանում, պետք է կարողանաս ռիթմի մեջ լինել, հասցնել ամեն ինչ: Մեր մասնագիտությունն էլ տալիս է հնարավորություն դրսեւորել քեզ: Ինձ մոդելի կարգավիճակում էլ կարելի է տեսնել:
-Տարիներ առաջ շատ դերասան-դերասանուհիներ խուսափում էին սերիալներում նկարահանվելուց: Դուք միանգամի՞ց եք համաձայնել:
-Իմ դիպլոմի մեջ հենց այդպես էլ գրված է՝ կինոյի եւ թատրոնի դերասանուհի: Երբ մենք սովորում էինք, այդ ժամանակ հնարավորություն չունեինք ծանոթանալ ֆիլմարտադրության հետ, նկարահանվելու փորձ ձեռք բերել, բոլորիս մոտ կար դրա պակասը: Իսկ երբ անփորձ դերասանը միանգամից հայտնվում է գեղարվեստական ֆիլմերի նկարահանման հրապարակում, ինքը մի փոքր նեղություն է կրում, դժվարությունների հանդիպում: Սերիալները մեզ հնարավորություն տվեցին ծանոթանալ տեսախցիկին, կորցնել վախի զգացողությունը, հուզմունքը, այդ ամենը կամաց-կամաց հաղթահարում ես, ու նկարահանվելը դառնում է սովորական: Կարողանում ես կենտրոնանալ քո կերպարի վրա:
-Փաստորեն, սերիալում նկարահանվելը դրական առաջխաղացո՞ւմ եք համարում դերասանի համար:
-Գիտեք, ինձ համար դրական է այդ ամեն ինչը, դա մեր մասնագիտության մի մասնիկն է, միայն թատրոնով սահմանափակվելը քիչ է դերասանի համար: Ես շատ-շատ կուզեմ, որ մեր հեռուստատեսությունում մի քիչ ավելի լուրջ նայեն սերիալներին, ու դրանք հասնեն այն մակարդակին, որը կա Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ թեկուզ Ռուսաստանում, այնտեղ ամեն ինչն արվում է ավելի պրոֆեսիոնալ:
-Հեռուստադիտողը հաճախ չի էլ իմանում սերիալում նկարահանվող դերասանի կամ դերասանուհու անունն ու դրսում տեսնելիս նրան իր կերպարի անունով է կոչում: Ձեր պարագայում ինչպե՞ս է:
-Ես էլ բացառություն չեմ, ինձ «Նարե ջան» են ասում: Երբ իմացա` կերպարս բացասական է, մտավախություն ունեի, որ արձագանքներն էլ բացասական կլինեն, մարդիկ խեթ-խեթ կնայեն, բայց ստացվեց հակառակը: Հենց ինձ տեսնում են, միանգամից հասկանում են, որ ես դերասան եմ ու ընդամենը մարմնավորում եմ այդ աղջկան: Բոլորն ասում են՝ բայց դու այսքան անուշ ես, ինչի՞ ես այդ վատ դերը խաղում:
-Ինչպիսի՞ դեր չեք խաղա:
-Դերասանը պիտի ամեն ինչ էլ խաղա, հրաժարվել եմ միայն մի քանի տարի առաջ, երբ բաց տեսարաններ կային ֆիլմում, որովհետեւ մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէր, կարող էի վատ արձագանքների արժանանալ: Ինչ վերաբերում է կերպարներին` բացասական կամ դրական, կարեւոր չէ, կարեւորը կերպարս ստացվի:
-Ասացիք՝ հրաժարվել եք բաց տեսարաններում նկարահանվելուց, բայց եթե չեմ սխալվում, Ձեզ տեսել եմ նման դրվագում:
-Այո՛, վերջերս նման փորձ ունեցա մեր հեռուստասերիալներից մեկում: Որոշակիորեն բաց տեսարան էր, բայց դա արված էր գեղագիտորեն ճիշտ ու չափերի մեջ, համապատասխանում էր հեռուստատեսային բոլոր կանոններին ու օրենքներին, ոչինչ ավելորդ չէր: Այդ կոմպլեքս ասվածը, որ կա մեր հայ դերասանուհիների մեջ, ես հաղթահարեցի՝ պատրաստ լինելով բացասական արձագանքների, ու, բնականաբար, եղան: Լսեցի կարծիքներ, որ շատ ավելորդ էին, պետք չէին:
Նկարահանվելուց առաջ էլ արդեն գիտեի, որ հնարավոր է՝ հարեւանս թարս նայի կամ բարեկամներիցս մեկը քննադատի, բարկանա: Ուղղակի դրանց պատրաստ ես ու գիտես, որ դա քո մասնագիտությունն է, դու խաղում ես, ինչը ամենեւին էլ չի նշանակում, որ դու էդպես ես ապրում:
-Ինչպիսի՞ն էր Ձեր ընտանքի արձագանքը:
-Քույրս մասնագիտությամբ դերասանուհի է, ինքն էլ դեմ էր, ամեն անգամ այդ տեսարանը նայելիս ինչ-որ բան ասում է: Բնականաբար, տանը ծափահարությունների չեմ արժանացել, ուղղակի բացատրել եմ, որ սա մի փոքր դրվագ էր, որ պետք էր ինձ` որպես դերասանուհու:
-Դուք ամուսնացա՞ծ եք կամ ունե՞ք ընտրյալ:
-Եթե իմ կյանքում լիներ տղամարդ, հաստատ չէի համաձայնի նկարահանվել բաց տեսարանում: Դե գիտեք, մեր հայ տղամարդկանց բնավորությունը, կինը պետք է անպայման հնազանդ լինի: Ու քանի որ այս պահին ինձ մոտ այդ խնդիրը չեղավ, օգտվեցի առիթից, այդ քայլն արեցի, որովհետեւ որպես դերասանուհի՝ ինքս իմ աչքերում մի աստիճան աճեցի: Հավատացե՛ք, դժվար է Հայաստանում որոշել բաց տեսարանում նկարահանվել:
ԴԺՎԱՐ Է ԲԱՑ ՏԵՍԱՐԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ