ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ խաղատներ հաճախելու համար արդյոք օրենսդրությամբ սահմանված է տարիքային շեմ: Եւ խնդրում եմ պարզաբանել նաեւ, թե կոնկրետ ինչ միջոցներ են կիրառվում խախտումների դեպքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կազմակերպիչը պարտավոր է արգելել քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա նշենք, որ վերջինիս համար սահմանվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով: Այժմ օրենքում մշակվում են փոփոխություններ, ըստ որի՝ այդ պահանջի խախտման համար նախատեսվելու է ավելի խիստ պատասխանատվություն:
Բոլոր այն անձինք, որոնք հիմնավոր տեղեկություններ ունեն խաղատների կամ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից նշված կամ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտման վերաբերյալ, կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչություն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացված իր պարզաբանման մեջ գրել է, որ կազմակերպիչը պարտավոր է արգելել քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում՝ ով պետք է վերահսկի այդ գործընթացը: Եւ արդյոք խաղատնային բիզնես իրականացնողներն ունեն այնքան պատասխանատվության զգացողություն, որ ներս մտնելուց առաջ մարդուց անձնագիր պահանջեն: Արդյունքում ստացվում է, որ այս ոլորտը մատնված է բախտի քմահաճույքին, որը լի է բազում վտանգավոր հետեւանքներով: