Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների՝ Վեդու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին:
Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով, եւ չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել: Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ՝ ողջ օրը, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում: