ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ տարեց կնոջ սպանության դեպքի առթիվ։
2015թ-ի հունիսի 7-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 11 շենքի թիվ 9 բնակարանում հանկարծամահ է եղել 1922 թ. ծնված Սաբհա Սամենի Մանսուրը:
Վերջինիս մահվան պատճառները պարզելու նպատակով նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, արյունազեղումներ` դեմքի, պարանոցի շրջաններում, կոկորդի փափուկ հյուսվածքներում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, ինչպես նաև՝ կրծոսկրի մարմնի, աջից և ձախից` կողերի կոտրվածքներ, բժշկական միջամտությունների հետքեր:
Նախնական ախտորոշման համաձայն՝ Ս.Ս.Մանսուրի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ տարեց կնոջ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին