
Հունիսի 9-ին,ժամը 13-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհին: Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող այդ ճանապարհին փայտով բեռնված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է,մեքենայի մեջ գտնվող 3 տղամարդիկ թեթեւ վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ՝ վթարի պատճառը եղել է փլուզման հետեւանքով անբարեկարգ դարձած ավտոճանապարհը:
Նշենք, որ այս տարվա ապրիլի երկրորդ կեսին փլուզում է տեղի ունեցել շրջանցիկ այդ ճանապարհի սկզբնամասում` 2-րդ ոլորանում: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակիցները փլված հողի եւ քարի զանգվածը հեռացրել են ճանապարհից, սակայն փլվածքի օջախը մնում է, հարկ է այնտեղ մեծածավալ աշխատանքներ կատարել:
Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհը կառուցվել է 2006թ-2007թթ., պետական բյուջեի 767 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Ադրբեջանական հենակետերից Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհի գնդակոծման դեպքում շրջանցիկ ճանապարհը դառնում է Իջեւանը Նոյեմբերյանին կապող «կյանքի ճանապարհ»-ը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ