«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ կոմիտե գնալու առիթը եղել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը: Թե ինչ զրույց է եղել քննիչների ու նրանց ղեկավարների եւ մարզպետի միջեւ, բնականաբար, մեզ չհաջողվեց պարզել, բայց ուշագրավ զուգադիպությամբ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց:
Համաձայն դրա՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով երկու անձ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Թե ովքեր են ձերբակալվածները, կոմիտեն չի գաղտնազերծել: Հավանաբար, մարզպետի որդին չկա նրանց մեջ, այլապես անհնար կլիներ այդ փաստը թաքցնել: Հետաքրքիր է, թե ում գլխին է, ի վերջո, կոտրվելու աղմկահարույց պատմությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: