Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` երկար տարիների վարորդ Արագածի որդին` Դերենիկ Ղևոնդյանն է: Վերջինս ձերբակալվել է միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` երկրորդ ձերբակալվածը Գորիսում հայտնի «Յուրկա» անունով երիտասարդն է, ով Գորիսում նման «ռազբորկաների» մշտական մասնակից է: Վերջինիս մոտ հաճախ է նկատվում շփումներ քրեական հեղինակությունների հետ:
Armlur.am-ի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի հետ առերեսումներ են տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող կոչվող հատվածում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որում որպես մասնակից շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը: Նշված գործով հարցաքննվել է նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նաև նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: