
Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին “Գոլդեն Թուլիփ” հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ եւ չեխ գործարարներ:
Չեխական կողմից ներկայացված էին նաեւ բանկային, ապահովագրական եւ մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները` Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Դուբը, Հայկական Զարգացման Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:
Այնուհետեւ ներկայացվեց Հայաստանում ներդրումային եւ գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց: Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն` արդեն աշխատանքային խմբերի ձեւաչափով:
Նոյեմբերին 21-ին կկայանան ՉՀ փոխնախարար Տոմաշ Դուբի պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Երեւանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի նախարարի, ինչպես նաեւ արտաքին գործերի ու էկոնոմիկայի փոխնախարարների հետ: