Այսօր Արագածոտնի մարզի մի շարք համայքների բնակիչներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել: Օհանավան, Կարբի, Ուշի համայնքի բնակիչները պահանջում էին հոսանքը չթանկացնել և այդ նույն պահանջով ստորագրահավաք անցկացրեցին:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը, ով ևս մասնակցում էր այդ ակցիային: «Հիմնադիր խորհրդարանը մասնակցում է հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցող բոլոր բողոքի ակցիաներին», -ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` հավաքված մոտ 50 մարդկանց ո´չ գյուղապետարաններից, ո´չ մարզպետարանից մարդ չմոտեցավ: Նրանք արտահայտեցին իրենց պահանջը և հեռացան:
Armlur.am-ը կապ հաստատեց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ իր համայնքի բնակիչները բողոքի ակցիա չեն իրականացրել. «Կարծեմ` միայն Օհանավանի բնակիչներն են ակցիա անում»: