Ոսկեգործությամբ զբաղվողներն այսուհետ կվճարեն արտոնագրային վճարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Այս նախագծով  լուծվելու է թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը միտված է ոսկեգործությանը օժանդակելուն։ «Սա մի ոլորտ է, որ պետք է լինի հատուկ մոտեցում։ Պարզ է, որ եթե մենք շրջանառության հարկի տեսանկյունից դիտարկենք, ապա թուղթ ձեռք բերելու հնարավորությունը կարծես զրո է։ Ու այդ ոլորտը կընկներ 5 տոկոս հարկման տակ։ Մենք սահմանել ենք ու տալիս ենք հնարավորություն ոլորտը զարգացնելու համար»,- հայտնեց  նա։

Կառավարության նիստից հետո այս նախագծի մասին մանրամասներ ներկայացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նա նշեց, որ  փոփոխության համար հիմք են հանդիսացել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

«Սա առաջացրել է թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առևտրով զբաղվողների դժգոհությունը։ Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ»,-նշեց նա։

Փոխնախարարը հայտնեց, որ օրենքի նախագծի համաձայն` առաջարկվում է մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար՝ Երևանում սահմանելով 35 հազ. դրամ մինչև 0.7 գծամետր տարածքի համար, գումարած 5000 դրամ՝ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։




Լրահոս