«Խնդրում եմ, պատերազմը վերջացրեք». ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը` վիճաբանության պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության և պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նշենք, որ այս նախագիծը երեկ բուռն քննադատությունների էր արժանացել ընդդիմադիր ուժերի կողմից:

Այսօր նախագծի քվեարկությունը բուռն ստացվեց, պատգամավորները միմյանց վիրավորում էին, իսկ խորհրդարանի ղեկավարն էլ փորձում էր հանդարտեցնել իրավիճակը: Խնդիրն այն է, որ ընդդիմադիր չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը, առաջարկություններ էին ներկայացրել, սակայն  ստացվել էր այնպես, որ դրանք հաշվի չէին առնվել:

Վարման կարգով խոսելիս ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկների շատ քիչ մասն է ընդունվել և հավելեց, որ կքվեարկեն ձեռնպահ:  Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց. «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հետաձգել նախագիծը, եթե ոչ՝ դեմ կքվեարկենք: Եվ խորհուրդ կտամ իմ ընկերներին ուշադիր լսել, հետո անցնել կոռեկտության սահմանները»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ  հայտարարեց, որ նախագծի հեղինակները իշխող մեծամասնության հետ միասին փորձում են այս փոփոխություններով ոչ լեգիտիմ հանրաքվե կազմակերպել:  Նախագծի համահեղինակներից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 13 առաջարկություններից 8-ն ընդունվել են: «Մենք ոչ թե մերժել ենք, հակառակը, ասել ենք՝ համընդհանուր քննարկման առարկա դարձնենք»,- հայտնեց նա:

Ի վերջո, նախագիծն ընդունվեց  կողմ`74, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 20 ձայներով և քվերակվեց 2 անգամ, քանի որ պատգամավորները բարձրաձայն վիճում էին: «Ես խնդրում եմ պատերազմը վերջացրեք: Մի րոպե լուռ մնացեք, նորից ենք քվեարկում: Միշտ ընդդիմությունն ու իշխանությունն են կռվում, էսօր ընդդիմությունն է կռվում, մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»,- հորդորեց Գալուստ Սահակյանը:




Լրահոս