Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում շարունակվել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:
Բանակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսի պաշտոնական գրությունը, ըստ որի հաստատվել է նշված դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված զորավարժություններին՝ դիտորդի կարգավիճակով:
Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև հաստատված փոխգործակցության կապակցությամբ և հատուկ կարևորել նշված կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունն ինչպես բանակցություններին, այնպես էլ հետագայում` բուն զորավարժությանը:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինը նշել է, որ ռազմական համագործակցության կատարելագործման և ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստման նպատակով, նախատեսված զորավարժության ընթացքում նպատակահարմար է շարունակել հետազոտական խմբերի գործառումը` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջատար ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավվմամբ:
Զորավարժության ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լ.Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ նախատեսված զորավարժությունը ընթացիկ տարվա համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ցանկում գլխավորն է խաղաղապահության բնագավառում և այն հնարավորություն կընձեռի գործնականում փորձարկել նշված ոլորտի մոտեցումներն ու մտահղացումները:
Շտաբային բանակցությունները կավարտվեն հունիսի 11-ին: