Ինչ է` պուպուշ երևանք, հասարակության մեջ ստեղծում ենք դրական սպասումներ. Արծվիկ Մինասյանը` բյուջեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ այսօր խորհրդարանում ելույթ ունեցան պատգամավորներն ու ներկայացրեցին խմբակցությունների տեսակետները: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նախ նա նշեց, թե ընդդիմության վատատեսական կանխատեսումներն իրականություն են դարձել: «Մենք ոգևորված ասում էինք` տնտեսական աճի ցուցանիշը 2,3 տոկոս է, և նախկին կառավարությունը ներկայացրել էր այդ ցուցանիշը, ու ներում-բեկում չկա: Մենք ի՞նչ արեցինք, չապահովեցինք:  Տնտեսությունն, ըստ էության, հայտնվել է ռեցեսիայի փուլում»,- ընդգծեց պատգամավորը:

Մինասյանը նշեց, թե իր կարծիքով, պատճառն, առաջին հերթին, կառավարության ոչ բավարար աշխատանքն է: «Տիգրան Սարգսյանի կառավարությունը և, պարո´ն փոխվարչապետ, Դուք էլ գաղափարակիցն էիք կուտակային կենսաթոշակային համակարգի, անընդհատ պնդում էիք, որ այս համակարգով մենք հեղաշրջում կանենք: 2014 թվականի պետական բյուջեից շուրջ 10 միլիարդ դրամ գնացել է մասնավոր ֆոնդերին: Հիմա` հարց: Այդ ֆոնդերի գումարները ՀՀ-ի տնտեսությանն օգնե՞լ են: Այդ գումարները տնտեսության ո՞ր ճյուղերին են գնացել: Հիմնական մասը գնացել է պետական պարտքը ֆինանսավորելուն: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Ի՞նչն ենք մենք սրանով խթանում կամ խրախուսում»- հավելեց նա:

Նրա խոսքով, բերել և թվեր են ներկայացնում, որոնք իրականում ճիշտ չեն: «Մարդը սխալական է, երբ սխալ ես տեսնում, կարող ես ուղղել և ճիշտ ընթացք ունենալ: Ինչ է` պուպուշ երևանք, հասարակության մեջ ստեղծում ենք դրական սպասումներ: Մեր ռեսուրսները պետք է ճիշտ մոբիլիզացնենք: Ամեն տարի բյուջեի նպատակ լինելուց ենք խոսում` կատարեցինք, չկատարեցինք, բայց դա միջոց է: Թվային ցուցանիշների տակ պետք է որակ լինի: Մենք, այդ առումով, հպարտանալու և գովելու բան չունենք: Մենք պետք է դադարենք բյուջեն դիտարկել որպես նպատակ, այն պետք է որպես միջոց դիտարկենք»,- նշեց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:




Լրահոս