«Եթե օրենքը պահպանելու եք, թող վերաբերի բոլոր 131-ին». Թ. Պողոսյանը նեղացել էր Էդ. Շարմազանովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ընդմիջումից հետո, երբ սկսվեց ելույթների համար գրանցումը,  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ուշացումով եկավ նիստերի դահլիճ և չհասցրեց գրանցվել, սակայն փոխխոսնակ Շարմազանովն այդպես էլ չընդառաջեց պատգամավորին և հավելյալ գրանցվելու հնարավորություն չտվեց:

Այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս Թևան Պողոսյանն անդրադարձավ երեկվա դեպքին և նշեց, թե ընդամենը 3 րոպեով էր ուշացել և այն էլ անձնական խնդիրների պատճառով: «Մի անդրադարձ կցանկանամ անել: Քիչ չի եղել, երբ մենք տեսել ենք, որ մեծամասնության կողմից, երբ մարդիկ պետք է գային, հնարավորություն տրվում էր օրենք չխախտել: Ներողությունս խնդրում եմ, այստեղ խնդիր չկա, բայց կոչ եմ անում, որ եթե հետագայում օրենքը պահպանելու եք վայրկյանների ճշգրտությամբ, ապա դա վերաբերի բոլորին` 131-ին: Ես 2.5 տարի պատգամավոր եմ, տեղ չեմ տվել նրան, որ երեկոյան բացեմ մամուլը և նայեմ, որ ջղայնացած ինձ դահլիճ են հրավիրում», – նշեց նա:

Նա ընդգծեց, թե կարևորն այն է, որ իրար հարգանքով վերաբերվեն: Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Շարմազանովը կոչ արեց մամուլին քիչ հղում անել: «Ես պահել եմ կանոնակարգը, ես էլ ներողություն եմ խնդրում ձեզնից, որ չեմ իմացել, որ անձնական խնդիր ունեք», – հայտնեց նա:




Լրահոս