2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Անդրադառնալով բյուջեի կատարողականի բացասական ցուցանիշներին` նախարարը նշեց, թե դրանք պայմանավորված են եղել արտաքին գործոններով` արտաքին պահանջարկի տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, տրանսֆերտների կրճատում:
Նախարարը նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշներով Հայաստանը մոտենում է Բելառուսի ցուցանիշներին: «Բավարարվել միայն սրանո՞վ, իհարկե` ոչ: Մենք ունենք դեռ անելիքներ, որ բացասական միտումները կանխարգելելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:
Նա նաև խոսեց հարկային օրենսդրության մի շարք փոփոխությունների ու հարկային վարչարարության ամրապնդման մասին և նշեց, որ վարչարարության արդյունքում բյուջե մուտքագրվել է շուրջ 16 միլիարդ դրամ: Նախարարն ընդգծեց, որ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսությունը բոլոր առումներով դիվերսիֆիկացնելու հարցը: