Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց եզդի զինծառայողի մահվան դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր քննարկվում է օրենքի նախագիծ, որով կանոնակարգվելու է մարտական դաշտում և առաջնագծում վիրավորում ստացած զինծառայողների` արտերկրում բուժման հարցը:

Նախագիծը ներկայացնում էր պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ով նշեց, թե հիմնականում վերջին տարիներին արտերկրում բուժում են ստացել հենց մարտական հենակետում վիրավորում ստացած զինծառայողները, իսկ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացածները մշտապես բուժում են ստացել Հայաստանում: Նախագծի հարակից զեկուցողը Էդմոն Մարուքյանն էր, ում էլ հարց ուղղեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և հիշեցրեց վերջերս ազգությամբ եզդի զինծառայողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Պատգամավորը նշեց, թե անչափ կարևոր նախաձեռնություն է ներկայացվել:  «Եզդի զինվորի ծնողները վկայում են, որ տևական ժամանակ երեխան բողոքներ է ունեցել, սակայն նրան ասել են` դու սեմուլյանտ ես, դու ձևացնում ես, ուզում ես խուսափել ծառայությունից: Դրա արդյունքում բարդություններ եղան և երեխան մահացավ քաղցկեղից», – նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ քաղցկեղի պես բարդ հիվանդությունների դեպքում չենք կարող իմանալ, թե զինվորը որտեղ է ձեռք բերել հիվանդությունը և հետաքրքրվեց, թե ինչ է պետք անել նման պարագայում: «Ո՞նց ենք կարողանալու կանոնակարգել նման դեպքերը: Միգուցե՞ որոշ դեպքերի համար հետադարձ ուժ գործի, օրինակ, կան երեխաներ, ովքեր հոգեկան շեղում են ստացել ծառայության ընթացքում և դրանից հետո չունեն միջոցներ բուժվելու համար», – հետաքրքրվեց նա:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, որ ի սկզբանե մարդուն բանակ զորակոչվելու ժամանակ պետք է ուշադիր լինել, որ նման մարդիկ բանակ չզորակոչվեն: «Եթե արդեն զորակոչվել է, և այնտեղ բարդացել է, ըստ էության, այս նախագծի շրջանակներում չի կարող  քննարկման առարկա դառնալ, քանի որ սահմանվում է, որ պետք է միջամտում լինի բանակում` խրամատ փորելիս, մարտական հերթապահություն  իրականացնելիս», – նշեց նա:




Լրահոս