Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ ի պատիվ լիբանանահայ մտավորական, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի:
Միջոցառմանը ներկա էին ազգային կառույցների ղեկավարներ, լրատվամիւոցների ներկայացուցիչներ, Սարգիս Կիրակոսյանի հարազատները:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Վերջինս խոսեց Սարգիս Կիրակոսյանի երկարամյա հայրենանվեր գործունեության մասին, որի շնորհիվ ամրապնդվել և խորացել է Հայաստան-Սփյուռք կապը: Շահան Կանդահարյանն ընդգծեց Սարգիս Կիրակոսյանի կարևոր դերակատարությունը լիբանանահայ գրողների միություն ստեղծելու և Հայաստանի գրողների միության հետ ակտիվ համագործակցություն ծավալելու գործում:

Իր խոսքում դեսպան Քոչարյանը ներկայացրեց մանրամասներ Սարգիս Կիրակոսյանի հարուստ կենսագրությունից, բարձր գնահատեց նրա ազգանվեր գործունեությունը և ավանդը հայոց լեզվի և հայկական հարուստ մշակութային և մանկավարժական ավանդույթների պահպանման և տարածման գործում: Դեսպանը նշեց, որ Սարգիս Կիրակոսյանի բազմաբովանդակ և բեղուն գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի և պարգևների ՀՀ և ԼՂՀ պետական կառույցների կողմից: Դեսպանը խորհրդանշական համարեց, որ Սարգիս Կիրակոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով արժանանում է Մովսես Խորենացու մեդալին մայիսյան հաղթանակների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` ողջ աշխարհով մեկ կազմակերպվող միջոցառումների օրերին:

Այնուհետև դեսպանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և Սարգիս Կիրակոսյանին հանձնեց բարձր պարգևը:

Երեկոյի ավարտին Սարգիս Կիրակոսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Նախագահին բարձր պարգևի համար՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ես շատ կցանկանայի այս շքանշանը ստանալ հերոսական Սարդարապատի հողի վրա, բայց դարձյալ հպարտ եմ և ուրախ, որ պարգևատրվում եմ ՀՀ դեսպանությունում, քանի որ սա նույնպես հայկական հող է, իսկ Հայաստանի ամեն մի թիզ հող մեզ համար և՛ Սարդարապատ է, և՛ Ծիծեռնակաբերդ, և՛ Զանգեզուր, և՛ Արցախ»:




Լրահոս