«Բամփեցի՞ք, թե չբամփեցիք». Ն. Փաշինյանը շնորհավորեց «չարիքների» վերամիավորման կապակցությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության անդամներին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և խոսեց այն մասին, որ մշտապես խորհրդարանում փոխնախարարներն են պատասխանում պատգամավորների հարցերին:

«Երբ պատգամավորները հարցեր տալու հնարավորություն ունեն, չարքաշ փոխնախարարների են գործուղում ամբիոնի մոտ, երեկ էլ էր այդպես», – նշեց նա` նկատի ունենալով գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, ով պատգամավորի կարծիքով, պարկեշտ անձնավորություն է, բայց կառավարության անդամ չէ և չի մտնում կառավարության որոշումներ ընդունող անձանց մեջ:  Նա նշեց նաև, թե միգուցե պատգամավորները չեն գիտակցում, թե ինչ բազմազբաղ մարդիկ են Կառավարության անդամները:

«Թե ինչքան բազմազբաղ, բիզնեսի տեր մարդիկ են մեր կառավարության անդամները: Եվ հիմա էլ մի օբյեկտում սեղանի շուրջ նստած բիզնեսի հարցեր քննարկելու փոխարեն, ստիպված են ժամ ու կես այստեղ լինել», -նշեց նա, ապա հիշեցրեց փետրվարի 12-ի Գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը և վարչապետին  հարցրեց` ի վերջո բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք Գագիկ Ծառուկյանին:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ստուգումների հետ կապված ծավալների խնդիր կա և հայտարարեց, թե մի օր ևս կձգձգվեն դրանք ու խոստացավ ավարտվելուն պես ներկայացնել արդյունքները հանրությանը:

Փաշինյանն էլ հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը` Գագիկ Ծառուկյանին չարիք անվանող և ԲՀԿ նախկին նախագահի խոսքերը` իշխանությանը չարիք անվանող: «Ինչպես տեսնում եք` չարիք-չարիք կինոթատրոն: Եվ ես ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին` կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ», – եզրափակեց նա:




Լրահոս