Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի «Լինելիության համանվագ» և «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, արվեստագետներ, հյուրեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով. «Թամարա Հովհաննիսյանն ինձ համար հայտնություն էր: Պատճառն այն է, որ չնայած գրական-ստեղծագործական բեղմնավոր աշխատանքին՝ հեղինակն իր անսահման համեստության պատճառով չի տարածել ստեղծագործությունները: Դրա համար էլ Հայաստանում նրա մասին շատ քիչ գիտեն»: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հանդիպումը նաև այդ բացը լրացնելու համար է: «1988թ. տեղափոխվելով Միացյալ Նահանգներ՝ Թամարան ընդամենը 4 տարի անց սկսել է դասավանդել Հյուսիսային Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքի Միջազգային հարաբերությունների համալսարանում: Իսկ արդեն 1995-ին Հայրենիքում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Վահան Թեքեյանի սիրերգությունը» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: Պատահական չէ, որ Թամարայի ատենախոսության գիտական ղեկավարը մեր մեծանուն հայագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն է, իսկ գրական այս երկու ժողովածուների խմբագիրն ու առաջաբանի հեղինակը՝ անվանի գրականագետ Դավիթ Գասպարյանը», -ընդգծեց նախարարը:
ՀՀ սփյուքի նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Թամարա Հովհաննիսյանն անդամակցում է Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհուրդին, Հայաստանից դուրս գործող Գեղարվեստի զանազան ակադեմիաների պատվավոր դոկտոր է և արժանացել է Ռոնալդ Ռեյգանի անվան Ոսկե մեդալի»:
Հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանն ու զարգացմանը նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Թամարա Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը բարձր գնահատեց՝ Սփյուռքում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդաշատ մտավորականներին Հայրենիքում ճանաչելի դարձնելու ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը: Ներկայացնելով գրողի՝ «Լինելիության համանվագ» ժողովածուն՝ գրականագետը նշեց. «Շատ նուրբ դիմումների և անցումների մեջ է բանաստեղծուհին որսում ինքնաճանաչման պահերը: Ոչ թե սոսկ արմատներն են, այլ ավելի շատ մազարմատները, ոչ թե սոսկ ապրումներն են, այլ ապրում դարձող ենթազգացողությունները: Հեղինակի դժգոհությունը նյութապաշտ աշխարհն է, խաբեության և կեղծիքի մթնոլորտը»:
«Կինը» ժողովածուի վերաբերյալ իր ուսումնասիրությունը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Թամարա Հովհաննիսյանի բանաստեղծությունները ընկալվում են իբրև գրական մեկ ընդհանուր կոմպոզիցիա, ներքին սյուժե ունեցող ամբողջական ստեղծագործություն»:
Ընթերցելով հատվածներ հեղինակի բանաստեղծություններից՝ Ս.Սրապիոնյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն խոհական թախծին, որ բնորոշ է Թամարա Հովհաննիսյանի ստեղծագործությանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարարին՝ մեծարման և հայաստանցի ընթերցողի հետ կապերի մերձեցմանը նպաստող հանդիպման կազմակերպման համար՝ Թամարա Հովհաննիսյանը նշեց. «Սրանք ինձ համար երջանկության ակնթարթներ են, որ պիտի տանեմ Միացյալ Նահանգներ»:
Հեղինակն ընդգծեց, որ ապրելով օվկիանոսից այն կողմ՝ մշտապես փորձել է չկորցնել իր լինելիության հենքը: «Հայրենիքս եղավ և մնում է իմ հոգու միակ օթևանը: Եվ այսօր հասկացա՝ ինչքան էլ սակավ լինեն այցելություններս Հայաստան, միևնույնն է, ես մնում է իմ հողի աղջիկը», – նշեց նա:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Թամարա Հովհաննիսյանին մաղթեց նորանոր ստեղծագործական մտահղացումներ՝ նշելով. «Ուրախ եմ, որ հանձին Թամարա Հովհաննիսյանի, այսօր մենք ճանաչեցինք իսկական հայ կնոջը, մարդուն, գրողին, գործարարին, արվեստագիտին և պարզապես մի ամոթխած հայ կնոջ»: