Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ:
Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև: Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը հետաքրքրված է գործընկերային կապեր հաստատել չեխական քաղաքների հետ. “Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով և համոզված եմ, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատների միջև արդեն իսկ գործնական կապեր են հաստատվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը. “Մենք արդեն միջկառավարական կապեր ունենք հաստատած մի շարք ուղղություններով և ես վստահ եմ, որ հարաբերությունները կենսունակ կդառնան նաև Երևանի և չեխական քաղաքների միջև: Մենք հարուստ փորձ ունենք հանրային տրանսպորտի, ջրային կառույցների կառավարման և մի շարք այլ ոլորտներում և կարծում եմ, որ այս ուղղությունները ևս կարող են համագործակցության մաս կազմել փորձի փոխանակման առումով”,-նշել է Տոմաշ Դուբը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: