Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման պլանի համաձայն՝ ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ հունիսի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակա կառույցներից մեկի բազայի վրա անցկացվեցին «Պահեստային կառավարման կետի կահավորվածությունը և աշխատանքների իրականացումը» թեմայով պարապմունքներ:
Պարապմունքները ղեկավարում էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշեց, որ 2015 թվականին նախատեսված է իրականացնել պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված մի շարք միջոցառումներ և այս պարապմունքն իր ուրույն տեղն է զբաղեցնում ռազմավարական միջոցառումների շարքում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծեց նաև, որ միայն նմանաբնույթ գործնական վարժանքների շրջանակներում է հնարավոր վերհանել շտկման կարիք ունեցող հարցերը, ներդաշնակել համապատասխան գերատեսչությունների կողմից պատերազմական ժամանակահատվածում իրականացվելիք գործառույթներն ու փոխգործակցությունը:
Պարապմունքի նպատակն էր բարձրացնել համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում, վերհանել համապատասխան թերություններն ու անճշտությունները՝ հետագայում դրանք բացառելու նպատակով:
Պարապմունքի ավարտին տեղի ունեցավ ամփոփիչ խորհրդակցություն, որը անցկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Ամփոփվեցին պարապմունքների արդյունքները, հնչեցին պահեստային կառավարման կետերի գործունեության կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ, տրվեցին կոնկրետ հրահանգներ:
Աշխատանքային խմբի անդամները միաժամանակ իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին Եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկներին, մաղթեցին մարզական հաջողություն և ձեռքբերումներ: